Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 1-ին ընդունել է նախօրեին Արցախ ժամանած ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգային սենատի անդամ Ջոզեֆ Սիմիտյանին եւ «Փարոս» հիմնադրամի գործադիր տնօրեն Փիթեր Աբաջյանին:
Հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային զարգացումներին, ԼՂՀ ներքին եւ արտաքին քաղաքականությանը, Արցախ-ԱՄՆ երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր: Երկուստեք նշվել է հարավկովկասյան տարածաշրջանում կայունության եւ խաղաղության պահպանման, Ադրբեջանի եւ Արցախի միջեւ առկա խնդիրների խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը ուղիղ երկխոսության միջոցով, հայտնում է ԼՂՀ նախագահի մամլո ծառայությունը:
Նախագահ Սահակյանը բարձր է գնահատել ԱՄՆ դերակատարությունը վերոհիշյալ գործընթացների մեջ՝ միաժամանակ նշելով, որ Արցախում առանձնահատուկ ուշադրություն են դարձնում Կալիֆոռնիայի հետ կապերի խորացմանը՝ այն դիտարկելով երկկողմ հարաբերությունների զարգացման կարեւոր ուղղություններից մեկը: