2 հոկտեմբերի 2011 - 19:02 AMT
Իսրայելը որոշել է շարունակել բանակցությունները Պաղեստինի հետ

Իսրայելի իշխանություններն ընդունել են պաղեստինյան կողմի հետ խաղաղ բանակցություններ անցկացնելու՝ «կվարտետի» առաջարկը: Այս մասին ասվում է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակի պաշտոնական հայտարարության մեջ:

Անցյալ ուրբաթ օրը Պաղեստինը պաշտոնապես ՄԱԿ-ին է ներկայացրել համաշխարհային կազմակերպությանը լիիրավ անդամակցության հայտը, երբ Իսրայելի հետ բանակցություններն արդեն մեկ տարի փակուղու մեջ են գտնվում: Հայտը ներկայացնելուց հետո «կվարտետը»՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի մասնակցությամբ հայտարարություն է ընդունել, որում իսրայելցիներին և պաղեստինցիներին կոչ է արել մեկ ամսվա ընթացքում երկխոսության վերսկսման մասին նախապատրաստական բանակցություններ սկսել, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Իսրայելը հավանություն է տալիս առանց որևէ նախապայմանների կողմերի միջև ուղիղ բանակցությունների անցկացման վերաբերյալ «կվարտետի» կոչին»,- ասվում է պաշտոնական հայտարարության մեջ: