14 սեպտեմբերի 2000 - 21:46 AMT
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՏՆՈՒՄ ԵՆ, ՈՐ ԿՈՎԿԱՍՈՒՄ ԱՆՎՏԱՆԳՈԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ ՀՆԱՐԱՎՈՐ ԿԼԻՆԻ ՄԻԱՅՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԻՑ ՀԵՏՈ
14.09.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.Կովկասի տարածաշրջանում անվտանգության համակարգի ձեւվավորումը, այդ թվում, Կովկասի համար «Կայունության Պակտի» ստորագրումը հնարավոր կլինի միայն տարածաշրջանում առկա` ղարաբաղյան, աբխազական եւ հարավ-օսական հակամարտությունների կարգավորումից հետո: Այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարարության ԱՊՀ չորրորդ դեպարտամենտի փոխտնօրեն Ալեկսանդր Չեպուրինը` հանդես գալով «Կովկասյան տարածաշրջանի խաղաղության եւ կայունության խնդիրները» հանդիպման ժամանակ:
Դիվանագետի խոսքերով, մինչեւ որ այդ հակամարտությունները կարգավորված չեն, «Պակտի կետերի վերաբերյալ աշխատանքը թեեւ անհրաժեշտ է, սակայն զուտ տեսական բնույթ է կրում»: Նա նաեւ ընդգծել է, որ «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» իրավիճակի պահպանումը Կովկասում չի համապատասխանում Ռուսաստանի ոչ քաղաքական, ոչ էլ տնտեսական շահերին:
«Մենք շարունակում ենք համարել, որ Հարավային Կովկասը կարիք ունի անվտանգության տարածաշրջանային համակարգի եւ պատրաստ ենք աշխատել դրա ձեւավորման ուղղությամբ», -ասել էր ՀՀ Նախագահը` սեպտեմբերի 7-ին հանդես գալով Նյու Յորքում:
Իսկ արտգործնախարար Վարդան Օսկանյանը հուլիսին ասել էր, որ տարածաշրջանային համագործակցության, անվտանգության եւ կայունության խնդիրների քննարկումը «1+3» բանաձեւով /Ռուսաստան, Հայաստան, Ադրբեջան եւ Վրաստան/ այսօր ավելի իրական է: Միաժամանակ նա նշել էր, որ «3+3+2» բանաձեւով /Հարավային Կովկասի պետություններ, Ռուսաստան, Թուրքիա, Իրան, ինչպես նաեւ Եվրամիություն եւ ԱՄՆ/ տարածաշրջանային անվտանգության եւ կայունության համակարգի ձեւավորման վերաբերյալ Հայաստանի առաջարկը մնում է օրակարգում: «Մեր առաջարկը տրամաբանական է, քանի որ մենք ելնում ենք այն բանից, որ Հարավային Կովկասում երկարատեւ կայունություն եւ անվտանգություն կարող է հաստատվել միայն բոլոր շահագրգիռ կողմերի առավելագույն ներգրավմամբ», - ասել էր Օսկանյանը: --0--