ԵՄ-ն ողջունում է ՀՀ իշխանությունների կրթական ոլորտի զարգացման համապարփակ ծրագիր իրականացանելու պատրաստակամությունը, մասնավորապես, մասնագիտական կրթության ոլորտում: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավար Ռաուլ դը Լուցենբերգերը:
«Մասնագիտական կրթության զարգացման ծրագիրը Հայաստանի աշխատաշուկայի հիմնական բաղադրիչն է»,-ասել է Ռաուլ դը Լուցենբերգերը:
Իր հերթին Արմեն Աշոտյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին Հայաստանում մասնագիտական կրության քոլեջների բացման նախաձեռնության համար, ինչն, ըստ նրա, անկասկած, կանդրադառնա երկրում աշխատաշուկայի որակի վրա: «Մենք նաև կոչ ենք անում գործարարներին ակտիվացնել իրենց դերակատարությունը կրթական ոլորտում, քանի որ հենց գործատուն պետք է նպաստի որակյալ կադրերեի պատրաստմանը»,-ասել է Աշոտյանը:
Ինչպես ասել է Լուցենբերգերը, ԵՄ-ն 2011թ. 15 մլն եվրո է ծախսել այդ նախագծի վրա, իսկ ընդհանուր առմամբ 8 տարում կրթության ոլորտի տարբեր ծրագրերի վրա ծախսվել է 30 մլն եվրո:
Առաջին քոլեջները կբացվեն Արարատում և Եղեգնաձորում արդեն այդ շաբաթվա վերջում: «Կոռուպցիոն ռիսկերի նվազման նպատակով ընդունելության կարգը կպարզեցվի: Ընդունելության քննություններ կհանձնվեն միայն մասնագիտական առարկաներից»,-հայտարարել է նախարարը՝ հավելելով, որ մասնագիտական ուսուցման քոլեջների ընդհանուր թիվը կհասնի 12: