ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հրավերով հոկտեմբերի 3-ին եռօրյա պաշտոնական այցով Հայաստան ժամանեց Լիբանանի Ազգային ժողովի նախագահ Նաբիհ Բըրրիի գլխավորած պատվիրակությունը:
Ազգային ժողովի այգում Լիբանանի խորհրդարանական պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին 1999թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, որից հետո տեղի ունեցավ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի և Լիբանանի ԱԺ նախագահ Նաբիհ Բըրրիի առանձնազրույցը:
Ողջունելով իր գործընկերոջը ` Հովիկ Աբրահամյանը նշեց, որ պարոն Բըրրիի պաշտոնական այցը Երևան ևս մեկ վկայություն է մեր երկու ժողովուրդների բարեկամության և պետությունների միջև տարբեր բնագավառներում համագործակցությունը զարգացնելու և, հատկապես, միջխորհրդարանական կապերն ամրապնդելու փոխադարձ ցանկության: Նա համոզմունք հայտնեց, որ Նաբիհ Բըրրիի այցը Հայաստան կնպաստի երկկողմ բարեկամական հարաբերությունների ամրապնդմանն ու խորացմանը քաղաքական, առևտրատնտեսական և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ այլ ոլորտներում: ՙԱյսօր առանց վարանելու կարելի է փաստել, որ հայ-լիբանանյան հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա և շարունակում են զարգանալ փոխվստահության մթնոլորտում՚,-նշեց Հովիկ Աբրահամյանը: Հայաստանի խորհրդարանի ղեկավարը կարևոր համարեց երկկողմ կապերի հետագա զարգացումը բոլոր ուղղություններով:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Լիբանանի ԱԺ նախագահը կարևորեց երկու երկրների միջև փոխգործակցության խորացումը, միջխորհրդարանական կապերի ակտիվացումը և տնտեսական կապերի աշխուժացումը: Պարոն Բըրրին բարձր գնահատեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի 2010թ. ապրիլին Լիբանան կատարած պաշտոնական այցը և նշեց, որ այն նոր թափ հաղորդեց երկկողմ հարաբերություններին և Լիբանանում դրական մեծ արձագանք ունեցավ: ՙՊետք է նշեմ, որ մեր երկու երկրների հարաբերություններում մշտական կամուրջ են հանդիսանում Լիբանանում ապրող մեր հայ եղբայրները, ովքեր ներգրավված են և քաղաքական և հասարակական կյանքում՚,- նշեց Լիբանանի խորհրդարանի ղեկավարը:
Հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձան տարածաշրջանային խնդիրներին, երկուստեք կարևորվեց համագործակցությունը միջազգային կառույցներում, քննարկեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս: Առանձնազրույցից հետո հանդիպումը շարունակվեց ընդլայնված կազմով:
Հանդիպման ժամանակ Լիբանանի խորհրդարանի ղեկավարը կարևորել է միջխորհրդարանական կապերի զարգացումը և առաջարկեց ստեղծել աշխատանքային խումբ, որը կղեկավարեն երկու խորհրդարաններում գործող բարեկամական խմբերի ղեկավարները, որում ընդգրկված լինեն պատգամավորներ, ինչպես նաև գործադիր իշխանության ներկայացուցիչներ և որը կհետևի կողմերի միջև ստորագրված պայմանագրերի իրականացմանը, պարբերաբար Երևանում և Բեյրությում կկազմակերպի տարբեր ոլորտների ներկայացուցիչների համդիպումներ, փոխայցելություններ:
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ընդունելի համարելով աշխատանքային խումբ ստեղծելու գաղափարը` նշեց, որ այն կարող է արդյունավետ գործել: Նրա խոսքերով` տարբեր ոլորտներում, մասնավորապես առողջապահության, ֆինանսական, զբոսաշրջության բնագավառներում համագործակցության մեծ ռեսուրս կա, որն անհրաժեշտ է ավելի արդյունավետ օգտագործել և ակտիվացնել տնտեսական հարաբերությունները: