Գաղթի միջազգային կազմակերպությունը երկուշաբթի օրը սկսել է աֆրիկյան երկրներից մոտ 1200 գաղթականների տարհանումը, որոնք արգելափակման մեջ էին հայտնվել Սեբհա քաղաքում` Լիբիայի հարավում, հաղորդում է «Գոլոս Ռոսսիի»-ն:
Լիբիայի հարավում` ԳՄԿ տարանցիկ կենտրոնում ապաստան գտած գաղթականները կտարհանվեն Չադ:
Տարանցիկ կենտրոնում ապաստան են գտել նաև Նիգերիայի, Գամբիայի, Էրիտրեայի, Սոմալիի, Սուդանի, Սենեգալի, Մալիի, Եթովպիայի, Բուրկինա-Ֆասոյի և Մարոկկոյի բնակիչներ: Տարհանման գործողությունն իրականացվում է հումանիտար օգնության գծով ԱՄՆ-ի, Գերմանիայի և ԵՄ Բյուրոյի աջակցությամբ:
Սեբհայում` ԳՄԿ կենտրոնում շարունակում են մի քանի հարյուր գաղթականներ մնալ զանազան երկրներից, որոնք տարհանման են սպասում, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:
Փետրվարի կեսին Լիբիայում սկսվեցին բողոքի ցույցերը, որոնց մասնակիցները պահանջում էին 40 տարի իշխող Մուամմար Քադդաֆիի հրաժարականը: Ցույցերը կարճ ժամանակում վերաճեցին ռազմական դիմակայության կառավարական ուժերի և ապստամբների միջև: Վեց ամսվա մարտական գործողությունների արդյունքում Քադդաֆիի վարչակարգի հակառակորդներին հաջողվեց հսկողություն սահմանել Լիբիայի գրեթե ողջ տարածքում: Ռազմական գործողություններում բեկումնային պահը վրա հասավ օգոստոսի երրորդ տասնօրյակում, երբ ընդդիմության ուժերը` ՆԱՏՕ-ի ավիացիայի աջակցությամբ, գրավեցին Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլին: