4 հոկտեմբերի 2011 - 12:02 AMT
Քուվեյթի ֆինանսների նախարարը բավական ընդունելի է համարում Հայաստանի ներդրումային դաշտը

Հոկտեմբերի 3-6-ը եռօրյա այցով Հայաստանում է գտնվում Քուվեյթի ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը: Քուվեյթի ֆինանսների նախարար Մուսթաֆա Ջասեմ ալ Շանալին բավական ընդունելի է համարում Հայաստանի ներդրումային դաշտը: Այդ մասին նա հայտարարել է հոկտեմբերի 4-ին Հայաստանի էկոնոմիկայի նախարարի հետ հանդիպման արդյունքներով: Նրա խոսքով, ներկայացուցչական պատվիրակությունը ժամանել է Հայաստան մասնավոր հատվածում հնարավոր ներդրումային նախագծերի հետ ծանոթանալու նպատակով: Քուվեյթի ֆինանսների նախարարը հաղորդել է, որ նախատեսվում են նաև հանդիպումներ Հայաստանի նախագահի, վարչապետի և այլ պաշտոնատար անձանց հետ: Բացի դրանից, հոկտեմբերի 5-ին կայանալու է երկու երկրների միջկառավարական հանձնաժողովների առաջին նիստը:

Իր հերթին Հայաստանի էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը հավելել է, որ երկու երկրների միջև արդեն ստեղծվել է պայմանագրային-իրավական դաշտ: «Հիմա եկել է կոնկրետ ներդրումային ծրագրերի իրագործման փուլը: Կարծում եմ, որ մենք բոլոր նախադրյալներն ունենք համագործակցության համար»,- հայտարարել է նա: