Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը, որը 4 գնդակ է խփել Եվրո-2012 ընտրական փուլում, հույս է հայտնել, որ Մակեդոնիայի հետ պատասխան խաղում ևս կկարողանա գոլի հեղինակ դառնալ: «Սակայն, ես չեմ սիրում խոստումներ տալ խաղից առաջ: Մակեդոնիան լավ թիմ ունի, սակայն մենք ևս ուժեղ ենք և պետք է ձգտենք միայն հաղթանակի»,-ասել է հարձակվողը:
Ֆուտբոլիստը խոստովանել է, որ երկրպագուներն իրենց ուժ են ներշնչում, միշտ հավատարիմ մնալով հավաքականին՝ անկախ նրանից այն կհաղթի թե կպարտվի:
Մովսիսյանը նշել է, որ ֆուտբոլիստների տրամադրվածությունը հիանալաշի է. «Անդորրայի ու Սլովակիայի հանդեպ 2 հաղթանակներն ապացուցեցին ինքներս մեզ, որ 3:1 հաշվով հաղթանակը Սլովակիայի հանդեպ Երևանում պատահական չէր»,-ասել է հարձակվողը:
Ըստ կիսապաշտպան Արթուր Եդիգարյանի, Մակեդոնիան կազմակերպված ու կարգապահ թիմ ունի և որոշ խաղերում նրա բախտն ուղղակի չբերեց: «Մենք շատ լուրջ ենք նախապատրաստվում այս խաղին, ամեն ինչ պետք է անենք, հաղթելու համար: Խաղի արդյունքը ցույց կտա, թե ինչ տրամադրվածությամբ մենք կմեկնենք Դուբլին: Հաղթանակը մեզ մեծ հոգեբանական առավելություն կտա»,-ասել է ֆուտբոլիստը:
Հայաստան-Մակեդոնիա խաղը տեղի կունենա հոկտեմբերի 7-ին Երևանում: