Հայաստանում գրագողության ամենախոցելի ոլորտը հասարակական գիտություններն են, գտնում է հոգեբանական գիտությունների դոկտոր Սամվել Խուդոյանը: Լրագրողների հետ զրույցի ժամանակ նա ասաց, որ ինտերնետն, այսօր, լայն հնարավորություն է ընձեռնում գրագողության համար: Ըստ նրա, գրագողությունը լինում է երկու տեսակ` պատահական և նպատակաուղված: Պատահական Խուդոյանը անվանում է այն, երբ ուսանողը հմտության պակասից ելնելով, կարող է չհղել հեղինակին և նման այլ իրավիճակներ: Նպատակաուղված է համարվում այն գրագողությունը, երբ կատարվում է միտումնավոր արտագրություն: Հոգեբանը բաց է համարում հայերենով «Անտի պլագիատոր» կոչված ինտերնետային ծրագրի բացակայությունը: Հասարակական գիտություններից ամենաբարդը գրագողության են ենթարկվում հայոց լեզուն և հայոց պատմությունը, որովհետև, ըստ Խուդոյանի, նշված ոլորտներում քիչ են օտարալեզու աղբյուրները, իսկ մնացած ոլորտներում շատ են:
Իր հերթին ֆիզմաթ գիտությունների դոկտոր Արթուր Իշխանյանը գտնում է, որ ճշգրիտ գիտություններոում հարցը ավելի թեթև է, քանի որ շատ դժվար է այդ ոլորտներում գրագողություն անել: Բացի դրանից, ըստ Իշխանյանի տվյալների, այսօր միջազգային գիտական ասպարեզում Հայաստանից ներկայացված նախագծերի 95 տոկոսը բաժին է հասնում բնական գիտություններին, որից 55 տոկոսը` միայն ֆիզիկային: Այդ պատճառով էլ անհնար է գրագողություն անել, որովհետև միանգամից կարելի է բռնվել: Այնուամենայնիվ ֆիզիկոսը ասաց, որ իր ոլորտում ևս կա գրագողություն, որը հիմնականում, արտահայտվում է բակալավրի և մագիստրատուրայի ավարտական թեզերի տեսքով:
Սամվել Խուդոյանը այդ փաստը բացատրում է նրանով, որ ճշգրիտ գիտություններում շահույթ չկա և իսկական նվիրյալներն են զբաղվում այդ գործով, այնինչ կարիերիստների մեծ մասը պաշտպանում է հասարակական գիտության ոլորտում (տնտեսագիտություն և իրավունք): Խուդոյանը նշեց նաև, որ քրեորեն պատժվող երևույթ է գրագողությունը, սակայն Հայաստանում դեռ ոչ ոք չի պատժվել:
Արվեստաբան Արմինե Բաղդասարյանը իր հերթին նշեց, որ իր ոլորտում շատ ավելի հեշտ է հսկել գրագողությունը, քանի որ այն ավելի ազնիվ է, իսկ գրագողությունը դա անկրթության հենքն է:
Արթուր Իշխանյանը վերջում ներկայացրեց վիճակագրական տվյալներ, որի համաձայն ՀԽՍՀ-ում կային 27.000 գիտնական, իսկ այսօր` միայն 4-4.500: Դա միջինից ցածր ցուցանիշ է: