4 հոկտեմբերի 2011 - 14:42 AMT
Գալուստ Սահակյան. Երկխոսությունը մշտական գործընթաց է, ոչ թե պարտադրանք՝ այսօր ուզում եմ, վաղը՝ ոչ

Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը մեկնաբանել է կոալիցիայի աշխատանքային խմբի երեկ կայացած նիստը ՀԱԿ-ի հետ երկխոսությունը շարունակելու մասին: «Երկխոսությունը մշտական գործընթաց է, ոչ թե պարտադրանք՝ այսօր ուզում եմ, վաղը՝ ոչ»,-հայտարարել է նա: Ըստ նրա, չի կարելի ըստ ցանկության կասեցնել կամ վերսկսել երկխոսության գործընթացը: «Մենք խաղալիք չենք»,-ասել է նա:

Ընդ որում, Սահակյանը նշել է, որ երկխոսությունը շարունակվում է նաև այժմ, իշխանությունների ու ՀԱԿ-ի հրապարակային ելույթներում:

Սեպտեմբերի 30-ի երեկոյան հերթական արտոնված հանրահավաքում որոշվեց, որ ՀԱԿ-ը շուրջօրյա հանրահավաքներ է սկսում: Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ հանրահավաքներն ու նստացույցը կտևեն 7 օր, հետո նոր որոշում կկայացվի: