4 հոկտեմբերի 2011 - 16:30 AMT
Տավուշում տեղի ունեցած սողանքի գոտուց դուրս է բերվել առաջին ավտոմեքենան

ՀՀ պաշտպանության նախարարությանը պատկանող ՄԻ-8 ուղղաթիռի օգնությամբ մոտ մեկ ժամ առաջ, Տավուշի մարզում տեղի ունեցած սողանքի գոտուց դուրս է բերվել առաջին` «Շևրոլե» մակնիշի ավտոմեքենան և տեղափոխվել անվտանգ տարածք:

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ aմբողջ գիշեր շարունակվել են որոնողա-փրկարարական աշխատանքները։ Անհայտ կորածների ցուցակում դեռևս փոփոխություններ չկան:

Հավանական անհայտ կորած մարդկանց ցուցակում նշվում են` Արմեն Սորսումատյան (1973 թ. ծնված, Երևանի բնակիչ), Մեխակ Սորսումատյան (1964 թ. ծնված, Երևանի բնակիչ), Նորիկ Միրզոյան (1939 թ. ծնված, Լճկաձոր գյուղի բնակիչ), Արթուր Գուրգենի Հակոբյան (1992 թ. ծնված, Վրաստանի քաղաքացի), Գուրգեն Մովսեսի Հակոբյան (1949 թ. ծնված, Վրաստանի քաղաքացի)։

Հոկտեմբերի 2-ին, ժամը 19:03-ին M6 միջպետական մայրուղու 83-րդ կիլոմետրում` Վանաձոր-Բագրատաշեն հատվածում` Այրում երկաթուղային կայարանի կամրջի մոտ (Լճկաձոր գյուղի հատվածում) տեղի է ունեցել սողանք: 130 մ երկարությամբ և 60 մ բարձրությամբ հողազանգվածը լցվել է ավտոճանապարհին և այն ամբողջովին դարձրել անանցանելի: