4 հոկտեմբերի 2011 - 17:51 AMT
Արազ Օզբիլիսը վնասվածքի պատճառով չի կարողանա օգնել Հայաստանի հավաքականին առաջիկա խաղերում

Հոկտեմբերի 4-ին Երևանում` Ֆուտբոլի ակադեմիայում, Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը ներկայացրեց հավաքականի նոր անդամ, հոլանդական «Այաքսի» կիսապաշտպան Արազ Օզբիլիսին: Ֆուտբոլիստը հավաքականում հանդես կգա 23 համարի տակ: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով ֆուտբոլիստը Հայաստանի քաղաքացիություն և անձնագիր կստանա:

Օզբիլիսը բազմիցս Հայաստանի հավաքականում հանդես գալու առաջարկ է ստացել և, վերջապես, երկար մտորումներից հետո միացել է թիմին: Ֆուտբոլիստը հավաքականի հետ միասին կնախապատրաստվի Եվրոպայի 2012թ. առաջնության ընտրական մրցաշարի որոշիչ հանդիպումներին:

Մարզիկը նշել է, որ Սլովակիայի հանդեպ խոշոր հաղթանակը արտակարգ արդյունք է Հայաստանի համար: «Ես ուրախ եմ Հայաստանի հավաքականի մի մասը լինել, բայց դժվարությամբ եմ կատարել այս ընտրությունը: Իմ ակումբի մարզիչը խորհուրդ էր տալիս ընտրել Հոլանդիայի հավաքականը, քանի որ գտնում է, որ այնտեղ ես կարող էի ավելի արագ առաջխաղացում ունենալ: Բայց իմ սիրտը բաբախում էր Հայաստանի հավաքականի համար»,- ասել է ֆուտբոլիստը:

Օզբիլիսը խոստովանել է, որ վերջին երկու հանդիպումներում չի կարողանա օգնել հավաքականին, քանի որ չի բուժել իր վնասվածքը. «Բայց ես հավատում եմ, որ Հայաստանի հավաքականը կկարողանա Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ դուրս գալ: Դրա համար մենք պետք է հաղթանակ տանենք երկու վերջին հանդիպումներում: Բայց եթե չստացվի, պետք չէ ափսոսալ, քանի որ հավաքականում հանդես են գալիս երիտասարդ ֆուտբոլիստներ, որոնք հետագայում կկարողանան հաջողությունների հասնել»: