2011թ. հոկտեմբերի 5-ին Խնկո Ապոր անվան մանկական գրադարանում կայանալու է է «Ժամանակակից մանկական գրքի նկարազարդումը Գերմանիայում» ցուցադրությունը, որն անցկացվում է Գյոթեի անվան ինստիտուտի հետ միասին:
Ցուցահանդեսը շարունակվելու է մինչև հոկտեմբերի 28-ը:
Գյոթեի անվան ինստիտուտի և Թրոյսդորֆի` Նկարազարդ գրքերի թանգարանի համագործակցության արդյունքում մշակված ցուցադրությունը 13 ներկայացուցչական հարթություններով հնարավորություն է տալիս ծանոթանալու մանկական գրքեր նկարազարդող գերմանացի նշանավոր արվեստագետներին:
Միջազգային ճանաչում վայելող դասականների կողքին ներկայացվելու են նաև ավելի երիտասարդ արվեստագետներ, ում գործերն արտացոլում են գերմանական գրքանկարազարդման արդի միտումները:
Ցուցադրությանը ներկայացված են լինելու արվեստագետներ Յուտտա Բաուերը, Ռոթռաութ Սուզաննե Բերները, Նադիա Բուդդեն, Կլաուս Էնզիկատը, Վոլֆ Էլբրուխը, Յակի Գլայխը, Նիկոլաուս Հայդելբախը, Սիբիլլե Հայնը, Յանոշը, Կարոլինե Քեհրը, Աքսել Շեֆլերը, Ֆիլիպ Վեխթերը և Կատյա Վեհները:
13 մասնակից արվեստագետներին առաջարկվել է հնգական նկարազարդում ընտրել իրենց նկարազարդած գրքերից մեկից և իրենց ընտրությունը հիմնավորել փոքրիկ կարծիքով: Այս ճանապարհով ցուցադրությունը հնարավություն է ստեղծում արվեստագետի հետ անձնական և անմիջական շփման համար:
Ցուցադրությունը ներկայացնում է մանկական գրքի գերմանական նկարազարդման բարձր որակն ու ակնառու բազմազանությունը: Ջրաներկից մինչև կոլլաժ և թվային փորձարարություններ. այստեղ ի մի բերված այս նկարազարդումները ներկայացնում են արդի գրքի նկարազարդման մի լայն լուսապատկեր:
Ցուցադրությունն ուղեկցվում է գրաֆիկական դիզայներ և նկարազարդող Ֆրանկ Գեորգիի արվեստանոցի թողարկած ալբոմով, որում ներկայացված են բոլոր արվեստագետների ցուցադրանմուշներն ու տեքստերը: