4 հոկտեմբերի 2011 - 20:27 AMT
Հարությունյան. Բաքվի ծիծաղելի հայտարարություններն արժանի չեն ՀՀ պատվիրակության ուշադրությանը

ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակությունը բավական կառուցողական մոտեցում ունի Ղարաբաղի ենթահանձնաժողովի գործունեության և ադրբեջանական պատվիրակության հետ առկա խնդիրների լուծման հարցերին, իսկ ադրբեջանական կողմի և Վեհաժողովի նախագահ Չավուշօղլուի` հայկական պատվիրակության ապակառուցողականության վերաբերյալ բոլոր մեղադրանքներն անհիմն են: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը: «Կառուցողականությունը խոսքերում չի կայանում, դա գործողությունների կարգ է»,- հայտնել է նա:

Ընդ որում, Հարությունյանը հավելել է, որ հայկական պատվիրակությունն ադրբեջանցիների և, առավել ևս, ԵԽԽՎ նախագահի հետ հարաբերություններում խնդիր չունի: «Մենք խնդիր չունենք առանձին անձանց հետ, ինչպես, օրինակ, Մևլուդ Չավուշօղլուի»,- ասել է նա` հավելելով, որ, ցավոք, ԵԽԽՎ-ն առանձնապես կարևոր խաղացող չէ միջազգային հարթակում:

Սակայն, դրա հետ մեկտեղ, Հարությունյանը համաձայնել է այն կարծիքի հետ, որ ադրբեջանական կողմի և ԵԽԽՎ նախագահի միջև բանավոր համաձայնություն կա Ղարաբաղի ենթահանձնաժողովի աշխատանքի առնչությամբ:

Ենթահանձնաժողովի լսումների ժամանակ հայկական պատվիրակության բացակայությունը Հարությունյանը գնահատել է որպես նորմալ քայլ, որը բնորոշում է պատվիրակության դիրքորոշումը:

Անդրադառնալով «Արցախի տարածքում թմրադեղերի շրջանառության» վերաբերյալ ադրբեջանական պատվիրակության անսպառ հայտարարություններին` հայկական պատվիրակության ղեկավարը նկատել է, որ «ադրբեջանական պատվիրակության ծիծաղելի հայտարարություններն անգամ արժանի չեն հայկական պատվիրակության ուշադրությանը»: