5 հոկտեմբերի 2011 - 13:55 AMT
Ճարտարապետների միությունը մշակել է «Ճարտարապետական մասնագիտական գործունեության մասին» օրենքի նախագիծը

Ճարտարապետների միությունը մշակել է «Ճարտարապետական մասնագիտական գործունեության մասին» օրենքի նախագիծ։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այդ մասին ասացին ՀՀ վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանը և Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը։ Քալաշյանը նշեց, որ նախագիծը ներկայացրել են քաղաքաշինության նախարարություն և սպասում են, թե երբ օրինագիծը կմտնի Ազգային ժողով։

«Վերջին 20 տարիների մեր քաղաքական և տնտեսական իրավիճակը հնարավորություն չէր տալիս բևեռվել կոնկրետ ինչ-որ բանի վրա, և շատ հարցեր՝ այդ թվում ճարտարապետությունը, թողնվել էր ինքնահոսի։ Հիմա ժամանակն է, որպեսզի շրջվենք, տեսնենք, թե ինչ ենք կորցրել, ինչը կարող ենք շտկել»,- ասաց Սաշուր Քալաշյանը։ Նա նշեց, որ վերջին 4 տարիների ընթացքում իրենք ուսումնասիրել են այս ոլորտում արտասահմանյան փորձը, իսկ վերջին 2 տարիների ընթացքում ակտիվ համագործակցել են քաղաքաշինության նախարարության հետ, որպեսզի օրինագիծը չհակասի մյուս օրենքներին։

«Օրենքն ունի կանոնակարգելու նպատակ։ Պետք է ստեղծել այնպիսի մթնոլորտ, որ թելադրողը լինեն ոչ թե ինչ-որ մեկի պատկերացումները, այլ ընդհանուր օրենսդրական դաշտը։ Պետք է ստեղծել որոշակի սահմանափակումների ցանկ, որոնց կենթարկվեն բոլորը»,- ասաց Մկրտիչ Մինասյանը ։