5 հոկտեմբերի 2011 - 16:28 AMT
Ռուբեն Սաֆրաստյան. Մինչև 2012-ի կեսը պետք չէ առաջընթաց ակնկալել ղարաբաղյան հիմնահարցում

Ադրբեջանի կողմից ռազմական արկածախնդրության հնարավորությունը երբեք չի կարելի բացառել: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը: Նրա խոսքով, այդ հարցում Հայաստանը միշտ պետք է պատրաստ է լինի վատագույնի: Բացի դրանից, փորձագետը նշել է, որ հայկական դիվանագիտությունը պետք է իր գործունեությունն ուղղի Բաքվի կողմից հնարավոր ռազմական արկածախնդրության հարցում միջազգային հանրության զգոնության պահպանմանը: Այդ առումով Սաֆրաստյանն անդրադարձել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը, նշելով, որ Մոսկվան առաջին անգամ հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ այն մասին, որ թույլ չի տա ռազմական ուժ կիրառել տարածաշրջանում:

Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին` փորձագետն ասել է, որ Հայաստանում, Ռուսաստանում և Ադրբեջանում գալիք ընտրությունների հետ կապված հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում կարող է թայմ-աութ լինել: Նրա խոսքով, թայմ-աութի պատճառ կարող է լինել այն, որ այսօր միջազգային հանրության ողջ ուշադրությունն ուղղված է Մերձավոր Արևելքի իրավիճակին: Դրա հետ կապված` Սաֆրաստյանն ասել է, որ պետք չէ կտրուկ առաջընթաց արձանագրել ղարաբաղյան հակամարտության մեջ մինչև 2012-ի կեսը:

Խոսելով ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղապահ ուժերի տեղակայման հնարավորության մասին` հայ փորձագետը նշել է, որ տվյալ պահին դա վաղաժամկետ է, քանի որ նման անհրաժեշտություն չկա: Սակայն, նա չի բացառել, որ հակամարտության թեժացման դեպքում նման անհրաժեշտություն կառաջանա: