5 հոկտեմբերի 2011 - 16:49 AMT
Իրանը կարող է հարված հասցնել Թուրքիայի տարածքին, գտնում է հայ փորձագետը

Իրանը կարող է հարված հասցնել Թուրքիայի տարածքին: Նման կարծիք է հայտնել ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը մամլո ասուլիսում: Ըստ նրա, Իրանի ու Թուրքիայի հարաբերություններում լարվածություն է առաջացել՝ Դամասկոսի գործերում Անկարայի անհարկի ակտիվության պատճառով: Ըստ նրա, Սիրիայի ու Թուրքիայի բանակների միջև բախման դեպքում, խոսքը չի գնա լայնածավալ գործողությունների մասին: Իրանը կարող է հարվածներ հասցնել Թուրքիայի տարածքին այն պատրվակով, որ թիրախը քուրդ գրոհայիններն են:

Բացի այդ, ըստ Սաֆրաստյանի, Թեհրանին նյարդայնացնում է Թուրքիայի տարածքում ՆԱՏՕ-ի ԵվրոՀՀՊ ռադարի տեղադրումը: Այնուամենայնիվ, փորձագետը նշել է, որ ռադարը կտեղակայվի միայն մի քանի ամսից, «և քանի որ Թուրքիան խաղեր խաղալու սովորություն ունի, վարչապետ Էրդողանը կարող է պատեհ պահին հրաժարվել դրանից»: