5 հոկտեմբերի 2011 - 18:17 AMT
ԱՄՆ կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը կախված է Իսրայելից, գտնում է հայ փորձագետը

ԱՄՆ կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը կախված է Իսրայելից: Այդ մասին հայտարարել է ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը Երևանում կայացած մամլո ասուլիսում: Ըստ նրա, Իսրայելի ու Թուրքիայի միջև լարվածության պատճառով ԱՄՆ-ում հրեական լոբբիստական կազմակերպությունների ճնշման տակ ԱՄՆ-ն կարող է փոխել քաղաքականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում:

Ընդ որում, նա նշել է, որ Անկարայի ու Վաշինգտոնի հարաբերությունների զարգացումը մեծապես նույնպես կախված է հրեական լոբբիստական կազմակերպություններից: «Ամեն ինչ կախված է նրանից, թե որքան հեռու է պատրաստ գնալ Իսրայելը՝ չէ որ Հայոց ցեղասպանության ճանաչմամբ Թուրքիայի ու ԱՄՆ հարաբերությունները կտրուկ կվատթարանան»,-ասել է փորձագետը:

Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին՝ Սաֆրաստյանը նշել է, որ քանի որ այս պահի դրությամբ Անկարայի համար գերակա խնդիր է մնում Սիրիան ու Մերձավոր Արևելքը, երկիրը պատրաստ չէ որևէ նախաձեռնությունների հայ-թուրքական հարցում: Սակայն, նշել է նա, տարածաշրջանում Թուրքիայի դերի բարձրացման հետ, չի բացառվում, որ Անկարայի քաղաքականությունն այդ ուղղությամբ ավելի ագրեսիվ դառնա: