6 հոկտեմբերի 2011 - 14:04 AMT
Ալեքսանդր Իսկանդարյանը վստահ է, որ Հայաստանում ռուսական սցենարի կրկնություն չի լինի

Ալեքսանդր Իսկանդարյանը բացառում է Հայաստանում ռուսական սցենարի կրկնությունը՝ Ռոբերտ Քոչարյանի վերադարձը Պուտինի օրինակով: Այդ մասին քաղաքագետը հայտարարել է Երևանում կայացած մամլո ասուլիսում: Նա նշել է, որ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի վարչապետը չէ, ոչ էլ իշխող կուսակցության առաջնորդը և ուժեղ քաղաքական ազդեցություն չունի երկրում: Այդ առնչությամբ նա նշել է,որ Ռուսաստանում Պուտինի ու Մեդվեդևի սկսած խաղը պարզ էր հենց սկզբից և վերադառնալու մասին որոշումը կախված էր միայն Պուտինից: Ըստ Իսկանդարյանի, իր վերջին հարցազրույցում Ռոբերտ Քոչարյանը բացարձակապես ոչ մի նոր բան չասաց:

Իսկանդարյանը նշել է, որ ՀՀԿ-ն որպես իշխանական կուսակցություն միատարր չէ: «ՀՀԿ-ն տարբեր վերնախավերի փոխզիջման վայր է»,-ասել է նա: Փորձագետը նաև հավելել է, որ չի համարում, թե «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կարելի է համարել Քոչարյանի կուսակցություն, քանի որ նա այնուամենայնիվ կուսակցության առաջնորդը չէ: Ըստ նրա, կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի քաղաքական հայացքները կարող են չհամընկնել Քոչարյանի հայացքների հետ, այդ հայացքները կախված կլինեն երկրում ստեղծված կոնկրետ իրավիճակից: