6 հոկտեմբերի 2011 - 19:00 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Շառլ Ազնավուրը ցանկանում է հայ-թուրքական սահմանի շուտափույթ բացումը

Շվեյցարիայում Հայաստանի դեսպան, աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը ցանկանում է հայ-թուրքական սահմանի շուտափույթ բացումը: Ինչպես հայտնել է Ազնավուրը Nouvelles d'Arménie-ին տված հարցազրույցում. «Ես հաշտեցում եմ ցանկանում: Թուրքերը պետք է ընդունեն այն, ինչ կատարվել է»,- ասել է նա: Սակայն Ազնավուրը նշել է, որ առանձնակի նշանակություն չի տալիս «ցեղասպանություն» տերմինին` նշելով, որ այդ բառի գործածումը կամ չգործածումն իր համար ոչինչ չի փոխի: Ընդ որում, Շվեյցարիայում Հայաստանի դեսպանը նկատել է, որ թուրքերի հետ հաշտեցման գործընթացը պետք է սկսել նրանց 1915թ. Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության մասին ճշգրիտ տեղեկատվությունը ներկայացնելուց: Նրա խոսքով` Թուրքիան միշտ այդ հարցի առնչությամբ ստահոդ և ոչ հավաստի տեղեկատվություն է տրամադրել: «Մենք պետք է թուրքերին ներկայացնենք Ցեղասպանության մասին ճշմարիտ պատմությունը: Թուրքիայի սահմանամերձ շրջանների բնակչությունը բոլորովին դեմ չէ հայերին»,- ասել է նա` հավելելով, որ Դիարբեքիրի քաղաքապետն անգամ հրապարակավ խոսում է Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին:

«Մեր թշնամիներն իրենց փրկության համար սպասում են այն մարդկանց մահվան, որոնք մինչ օրս իրենց մեջ կրում են 1915թ. Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը»,- հայտնել է աշխարհահռչակ շանսոնյեն: «Ո՞ր երկիրը կզոհաբերի իրեն, որպեսզի պաշտպանի մեզ: Ոչ մեկը: Ֆրանսիան ճանաչել է այն, ինչ պետք է ճանաչեր և առաջ չի գնում: Ոչ մի երկիր մեզ չի սատարելու: Երբեք»,- ասել է նա: Բացի դրանից, Ազնավուրը նշել է, որ հեղափոխություն իրագործած արաբների երազանքն է ունենալ կառավարություն, որը կհամապատասխանի քեմալիստական մոդելին: «Իսկ դա նշանակում է ջուր լցնել Թուրքիայի ջրաղացին, որը շարունակում է հարստանալ»,- ասել է նա` հավելելով, որ Անկարան արդեն G20-ի անդամ է, և որ այդ երկրի համար ԵՄ անդամ դառնալն արդեն բարդություն չի ներկայացնում:

ՖՈՏՈՇԱՐՔ