7 հոկտեմբերի 2011 - 09:04 AMT
ԿԱՐԾԻՔ
ՖՈՏՈՇԱՐՔ
Հայաստան-Մակեդոնիա ֆուտբոլային խաղը պատասխան կտա շատ հարցերի

Հայաստանի հավաքականին Եվրո-2012 եզրափակիչ դուրս գալուց ընդամենը երկու խաղ է բաժանում: Հայկական թիմը հոկտեմբերի 7-ին ու 11-ին երկու ծանր հանդիպում ունի Մակեդոնիայի ու Իռլանդիայի հետ:

Անշուշտ, ավելորդ է հիշեցնելը, թե որքան կարևոր է Մակեդոնիայի հետ խաղը: Միավորների ցանկացած կորուստ կնշանակի հրաժեշտ տալ Հին աշխարհի առաջնությանը մասնակցելու վերջին հույսին: Ահա թե ինչու Հայաստանի հավաքականին հաղթանակ է պետք ամեն գնով, միայն այդ դեպքում հայկական թիմի 12 ամսվա ուղին ընտրական փուլում զուր չի լինի: Մակեդոնիան կորցնելու բան չունի, ֆուտբոլիստներն այդ ընտրական փուլում վաստակեցին ընդամենը 7 միավոր, սակայն նոր մարզչի հետ կաշխատեն ամեն ինչ անել հաղթանակի համար:

Հոկտեմբերի 7-ին հանրապետական մարզադաշտում մենք կտեսնենք հաղթանակ փափագող երկու թիմ՝ հավակնոտ ու նպատակսլաց Վարդան Մինասյանի թիմին ու Ջոն Տոշակի ֆուտբոլիստներին, որոնք ցանկանում են իրենք իրենց ապացուցել, որ կարող են ավելիին հասնել:

Ցավոք, Հայաստանը այնքան էլ տպավորիչ վիճակագրություն չունի Մակեդոնիայի հետ խաղերում: Եվրոպայի և աշխարահի առաջնությունների ընտրական փուլում թիմերը հանդիպել են 4 անգամ, երկու անգամ հաղթանակ են տարել մակեդոնացիները, մեկ անգամ՝ հայերը, իսկ երկու անգամ գրանցվել է նույնանման ոչ ոքի՝ 2:2: Եվրո 2012 ընտրական փուլի 2010թ. սեպտեմբերի 7-ի խաղում կարծես ամեն ինչ լավ էր դասավորվում հայ ֆուտբոլիստների համար Սկոպյեում: Նրանք գոլ խփելու շատ հնարավորութուններ ունեին, և նրանք առաջիններն աչքի ընկան, սակայն մեկ րոպե անց հաշիվը հավասարվեց, հետո, լրացուցիչ րոպեին Էդգար Մանուչարյանը առաջ տարավ Հայաստանի հավաքականին: Սակայն,հաղթանակ տանել Հայաստանին չհաջողվեց, իր դերն ունեցավ նաև մրցավարը, որը խաղի տևողությունը հասցրեց 96 րոպեի: Մակեդոնացիներն իրացրեցին 11-մետրանոցը և երկու միավոր խլեցին Հայաստանից, որոնք մեր հավաքականին շատ էին պետք:

Սակայն, ոչ վիճակագրությունը, ոչ մրցակիցնեի ձգտումներն ու ցանկությունները չեն հետաքրքրում հայ ֆուտբոլիստներին: Վերջին գեղեցիկ և վստահ հաղթանակներն Անդորրայի ու Սլովակիայի սեփական ուժերի հանդեպ հավատ ներշնչեցին Հայաստանի հավաքականին: Ֆուտբոլիստները խոստացել են իրենց երկրպագուներին, որ մինչև վերջ կպայքարեն Եվրո-2012 ուղեգրի համար:

Իսկ հոկտեմբերի 11-ին բոլոր նրանց հայացքները, ում սիրտը բաբախում է Հայաստանի հավաքականի համար, գամված կլինեն Զմրուխտե կղզուն, ինչպես անվանում են Իռլանդիան: Հենց այնտեղ, B խմբում տեղի կունենա Վարդան Մինասյանի թիմի վերջին հանդիպումը, որը պատասխան կտա այն հարցին, թե կմեկնի Հայաստանի հավաքականը Ուկրաինա և Լեհաստան, թե ոչ:--ԿԱ—

Գոհար Նալբանդյան, Հասմիկ Բաբայան / PanARMENIAN News
ՖՈՏՈՇԱՐՔ