7 հոկտեմբերի 2011 - 11:54 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Նիկոլյա Սարկոզին ու Սերժ Սարգսյանը Երևանում բացել են Օգյուստ Ռոդենի արձանը

Հայաստանի ու Ֆրանսիայի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Նիկոլյա Սարկոզին Երևանի Ֆրանսիայի հրապարակում բացեցին մեծանուն ֆրանսիացի քանդակագործ Օգյուստ Ռոդենի «Ժյուլ Բաստյեն Լեպաժ» քանդակը: Բացման արարողությանը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ իր համար մեծ պատիվ է մասնակցել մեծանուն ֆրանսիացի քանդակագործ Օգյուստ Ռոդենի հեղինակած արձանի բացմանը: «Օգյուստ Ռոդենի հեղինակած այս վեհաշուք նվերն ու Սարկոզիի այցը կխորհրդանշեն հայ և ֆրանսիացի ժողովրդների հավերժ բարեկամությունը»,-ասել է ՀՀ նախագահը: Նա ասել է, որ Ռոդենի արձանն այսուհետ կզարդարի Ֆրանսիայի հրապարակը, որը շրջապատված է մեծանուն հայերի անունը կրող փողոցներով և որտեղ խոյանում են հայ արվեստի երախտավորների արձանները: Սարգսյանը նշել է, որ թե հայաստանաբնակ հայերը, թե սփյուռքահայերը հատուկ համակրանք են տածում Ֆրանսիայի, նրա մշակույթի ու արժեհամակարգի հանդեպ: Նախագահը նշել է, որ հայ-ֆրանսիական կապերը վաղեմի պատմություն ունեն՝ պատմելով, որ Կիլիկյան թագավորության ժամանակ հայ և ֆրանսիական թագավորական ընտանիքները կապված են եղել նույնիսկ ընտանեկան կապերով: Նախագահը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիային այն բանի համար, որ նա ապաստան տվեց հարյուր հազարավոր հայ փախստականներին Ցեղասպանությունից հետո, որ ճանաչեց և դատապարտեց Օսմանյան կայսրության գործողությունները, ցեղասպանություն ճանաչելով դրանք: Սերժ Սարգսյանը նաև անդրադարձել է Ֆրանսիայի մոտ կես միլիոն կազմող հայ համայնքին՝ նշելով, որ ֆրանսահայերը սիրում են իրենց նոր հայրենիքը, ինտեգրվել են նրա հասարակությանը և անուրանալի ավանդ ունեն Ֆրանսիայի կյանքում:

Նախագահը նշել է նաև, որ առավոտյան նախագահները մասնակցել են Երևանում Շառլ Ազնավուրի կեցավայրի հանդիսավոր բացմանը: Նա ասել է, որ Հայաստանն ի դեմս Ֆրանսիայի ունի մի բարեկամի, որը սատարում է ղարաբաղյան կարգավորմանը, աջակցել է 1988թ. երկրաշարժի ժամանակ: «Աստված պահի Ֆրանսիան և կեցցե հայ-ֆրանսիական բարեկամությունը»,-ավարտել է իր խոսքը Սերժ Սարգսյանը:

Իր հեթրին Սարկոզին կարևորել է հայ համայնքի դերը, անդրադարձել ժողովրդների միջև հարաբերություններին, որոնք իրենց արմատներով գնում են դարերի խորքը: «Կեցցե Հայաստանը, կեցցե Ֆրանսիան, կեցցե մեր եղբայրությունը»,-ասել է Սարկոզին:

ՖՈՏՈՇԱՐՔ