7 հոկտեմբերի 2011 - 14:30 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
«Հայֆեստ2011». Բրիտանական ներկայացումը առաջին անգամ դուրս է գալիս իր երկրի սահմաններից դուրս

Այսօր` հոկտեմբերի 7-ին «Հայֆեստ» 9-րդ միջազգային թատերական փառատոնի շրջանակում Համազգային պետական թատրոնի բեմում կայանալու է Միացյալ Թագավորության Proto-type թատրոնի «Երրորդ անձ` Բոննի և Քլայդ» մուլտիմեդիոն բեմադրությունը: Ներկայացման աջակիցն է Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակը:

Թատրոնի գեղարվեստական ղեկավար Փիթեր Փեթրալիան լրագրողների հետ զրույցում ասաց, որ ներկայացման մեջ փորձում է հասկանալ, թե ինչու են այդ երկու հանցագործները` Բոնին ու Քլայդը այդքան սիրված: Բացի վերը նշված հերոսներից, ներկայացումը, ըստ ռեժիսորի, նաև դերասանների մասին է: «Ներկայացումը զվարճալի է, բայց այնտեղ անցում է կատարվում դեպի լուրջ իրավիճակներ», ասաց Փեթրելիան:

«Երրորդ անձ` Բոննի և Քլայդ» (Redux) բեմադրությունը պատմություն է երեք տարի շարունակ բանկեր թալանող և սպանություններ կատարող Բոննի Փարկեր և Քլայդ Բարոու զույգի մասին: Նրանց պատմությունն ավարտվեց հանկարծակի, երբ 1934 թվականին Լուիզիանայում ոստիկանությունը դարանակալեց և սպանեց նրանց: Ոչ ոք տեղյակ չէ բոլոր մանրամասներին, սակայն նրանց քրեական սիրո պատմությունը դարձավ հայտնի լեգենդ ողջ աշխարհում: Վկայությունների, անձնական պատմությունների, բամբասանքների, վավերացումների, վիդեոների և նկարների հիման վրա Բոննիի և Քլայդի պատմությունը վերաշարադրվում է` բացահայտելով այն դրդապատճառները, որոնց շնորհիվ այս տխրահռչակ սիրահարների կյանքի ու մահվան պատմությունը տարիներ շարունակ հմայում է հանդիսատեսին:

Proto-type-ը երիտասարդ թատրոն է, հիմնադրվել է 1997 թ-ին Նյու Յորքում, և վերահիմնավորվել 2006թ-ին Մեծ Բրիտանիայում: «Երրորդ անձ` Բոննի և Քլայդ» ներկայացումը բեմադրվել է 2004թ-ին և վերամշակվել 2009 թ-ին: Այն ներկայացվել է միայն մեծ Բրիտանիայում:

ՖՈՏՈՇԱՐՔ