Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարություն է արել, որում հերքել է թուրքական ԶԼՄ-ների բոլոր հաղորդագրությունները Սիրիայի հետ պատերազմ սկսելու վերաբերյալ: Այս մասին հաղորդում է «Sabah» թերթը: Թուրքիայի ԱԳՆ տարածած հայտարարության համաձայն, Ահմեդ Դավութօղլուն միայն ասել է, որ Թուրքիայի անվտանգության համար անհրաժեշտ միջոցներ կձեռնարկվեն, իսկ Սիրիայի հետ պատերազմ սկսելու վերաբերյալ ոչ մի հայտարարություն չի եղել:
Այսօր առավոտյան մի շարք թուրքական լրատվամիջոցներ տեղեկատվություն էին տարածել այն մասին, որ անհրաժեշտության դեպքում Թուրքիան պատրաստ է պատերազմ սկսել Սիրիայի հետ: Մասնավորապես, Timeturk թերթը հաղորդել է, որ Դավութօղլուն հայտնել է, թե «տարածաշրջանի հետ կապված բոլոր որոշումները Անկարան ընդունում է առանց կողմնակի խորհուրդների, ուստի անհրաժեշտության դեպքում Թուրքիան պատրաստ է պատերազմ սկսել Սիրիայի հետ»: