7 հոկտեմբերի 2011 - 20:54 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Առաջին խաղակեսից հետո Հայաստանի հավաքականը 2:0 հաշվով հաղթում է Մակեդոնիայի հավաքականին

Հայաստանի հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում Եվրոպայի 2012թ. առաջնության ընտրական մրցաշարում ընդունեց Մակեդոնիայի հավաքականին: Հանդիպման առաջին իսկ րոպեներից զգացվում էր, որ հայաստանյան ֆուտբոլիստները դաշտ են դուրս եկել մարտական տրամադրությամբ: Նրանք հասկանում են, որ խաղարկվում է Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիրը: Կենտրոնական պաշտպան Հրայր Մկոյանի որակազրկման և Ռոբերտ Արզումանյանի վնասվածքի պատճառով պաշտպանության կենտրոնում Վալերի Ալեքսանյանի հետ միասին դաշտ է դուրս եկել Արթուր Յուզբաշյանը: Մարտական տրամադրությամբ Հայաստան էին ժամանել նաև մակեդոնացիները, Եվրոպայի 2012թ. առաջնության ընտրական մրցաշարում նրանք այլևս ոչնչին չեն հավակնում և հանդիպման սկզբում մի քանի անգամ գրոհեցին Ռոման Բերեզովսկու դարպասը:

9-րդ րոպեին Յուրա Մովսիսյանի ուժեղ հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին: Իսկ հյուրերի հակագրոհի ժամանակ Միրկո Իվանովսին չհասավ գնդակին: Հայ ֆուտբոլիստները սկսեցին նեղել մրցակցին և շատ ժամանակ վերահսկել գնդակը: Սակայն մակեդոնացիներին արդեն հաջողվում էր հասնել Հայաստանի դարպասին: Խաղակեսի կեսին արդեն Հայաստանի պաշտպանության կենտրոնում բաց տեղեր էին հայտնվում, և մակեդոնացիները կարողանում էին հատել դաշտի կենտրոնը: 28-րդ րոպեին Յուրա Մովսիսյանի անկյունային փոխանցումից հետո հաշիվը բացեց Մարկոս Պիզելլին: 6 րոպե անց Հենրիխ Մխիթարյանը, ինչպես սլովակների հետ հանդիպման ժամանակ, մեծ հեռավորությունից գեղեցիկ գոլ իրացրեց` կրկնապատկելով խաղի հաշիվը: Իրացրած գոլերից հետո հայերի մոտ ամեն ինչ սկսեց ստացվել, նրանք սկսեցին շատ ավելի վստահ խաղալ:

Հերթական անգամ իր վարպետությունը ցուցադրեց Բերեզովսկին, որը ետ մղեց Նիիկոլչե Նովեսկու հեռահար հարվածը:

ՖՈՏՈՇԱՐՔ