8 հոկտեմբերի 2011 - 11:47 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Յուրա Մովսիսյան. Կարծում եմ, Իռլանդիայի հետ հանդիպումը ամենադժվարն է լինելու այս ընտրական խմբում

«Մենք կարողացանք ցույց տալ մեր խաղը, դուրս էինք եկել դաշտ հանուն հաղթանակի և հասանք արդյունքի: Այս խաղում մենք խփեցինք այն գոլերը, որոնք չէինք իրացրել Մակեդոնիայի հետ առաջին հանդիպմանը»,- PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում Մակեդոնիային 4:1 հաշվով հաղթելուց հետո նշել է Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը:

Մովսիսյանը, որը Մակեդոնիայի դեմ խաղում կատարել է 3 գոլային փոխանցում, խոստովանել է, որ բոլոր հայ ֆուտբոլիստները ունեին բարձր տրամադրություն, կարողացան հաղթահարել մեկնարկային լարվածությունը և տոնել խոշոր հաշվով հերթական հաղթանակը:

«Հիմա մենք բարձր տրամադրությամբ պատրաստվում ենք Իռլանդիայի հետ կայանալիք խաղին: Մենք ունենք հիանալի թիմ և անելու ենք ամեն ինչ, որպեսզի Դուբլինում վաստակենք 3 միավոր. Կարծում եմ, այս ընտրական մրցաշարում մեզ համար դա ամենադժվար հանդիպումն է լինելու»,- խոստովանել է հարձակվողը:

Մովսիսյանը շնորհակալություն է հայտնել բոլոր երկրպագուներին, որոնք աջակցել են իրենց ողջ 90 րոպեների ընթացքում. «Ես զարմացած եմ, ստադիոնը լեփ-լեցուն էր, և այնքան լավ էր երկրպագում մեզ: Մենք զգում էինք բոլոր հայերի աջակցությունը, առանց որի դժվար կլիներ հաղթել»:

Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնության ընտրական В խմբում 17 միավորով 3-րդ հորիզոնականում է: Իռլանդացիները 18 միավորով 2-րդ տեղում են, իսկ խմբի առաջատարը ռուսներն են 20 միավորով: Հայաստանի և Իռլանդիայի հավաքականները հոկտեմբերի 11-ին Դուբլինի «Ավիվա» մարզադաշտում կանցկացնեն վերջին հանդիպումը:

ՖՈՏՈՇԱՐՔ