8 հոկտեմբերի 2011 - 13:30 AMT
Մեթյու Բրայզան հրաժարվել է «մխիթարել» վշտացած Ադրբեջանին

Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզան հրաժարվել է «մխիթարել» վշտացած Ադրբեջանին՝ Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին Բաքվում չի այցելել շահիդների ծառուղի: Ինչպես հայտնում է 1news.az-ը, պատասխանելով այն հարցին, թե ինչպես է նա գնահատում այն փաստը, որ Սարկոզին Երևանում այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր, այն դեպքում, երբ Ադրբեջան այցի ժամանակ չի այցելել շահիդների ծառուղի՝ Բրայզան պատասխանել է, որ ինքը ոչ Ֆրանսիայի դեսպան է, ոչ էլ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ:

Նիկոլյա Սարկոզին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարեց, որ ցնցված է Ծիծեռնակաբերդ այցելությունից: Նա մասնավորապես, ասաց, որ շատ հուզված էր այդ այցելությունից՝ նշելով, որ կհիշի այն իր ամբողջ կյանքում: «Այդ թանգարանն ինձ հիշեցրեց Յադ Վաշեմի թանգարանն ու Ռուանդայում ցեղասպանության թանգարանը»,-ասել է նա՝ հավելելով, որ հասկանում է միլիոնավոր հայերի զգացմունքները: