8 հոկտեմբերի 2011 - 14:26 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Երևանում քանդում են ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի տունը՝ տեղում հյուրանոց կառուցելու նպատակով

Երևանում քանդում են ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի տունը, որը Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրի, Հաղթանակի կոթողի հեղինակն է:

Իսրայելյանի տունը գտնվում է Սարյանի փողոցում և կառուցվել է հենց իր իսկ նախագծով 1954թ.: Նույնիսկ որոշ զարդաքանդակներ արված են նրա ձեռքով: Ինչպես հայտնի է, ականավոր ճարտարապետի տան տեղում հյուրանոց է կառուցվելու:

Ինչպես հայտարարել է ճարտարապետ Սարհատ Պետրոսյանը, այդ տարածքը ըստ Երևանի Կենտրոնի գոտիավորման հատակագծի հանդիսանում է ցածրահարկ բնակելի կառուցապատման գոտի և նշված նախագիծը հակասում է Երևանի քաղաքապետարանի պատվերով կատարված գոտիավորման նախագծին։

Իր հերթին ճարտարապետ Արսեն Կարապետյանը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է. «Կարելի է մատների վրա հաշվել այն շենքերը, որոնք պահպանում են մեր քաղաքի հիշողությունը»: Ըստ նրա, Իսրայելյանն այն մարդն էր, որն արժանի է, որ նրա տունը պահպանվի: «Նրա ավանդը հայկական ճարտարապետության մեջ այնքան մեծ է, որ հերթական հյուրանոցը կառուցելու փոխարեն ավելի ճիշտ կլիներ այն վերածել տուն-թանգարանի»,-ասել է նա : Ըստ նրա, Երևանը վերածվում է հիշողություն չունեցող մի քաղաքի:

Ռաֆայել Իսրայելյանի նախագծերով կառուցվել է շուրջ 150 շենք: Նա ստեղծեց հուշարձանների նոր տեսակ՝ հուշարձան-աղբյուրներ ի հիշատակ Մեծ Հայրենական պատերազմի հերոսների:

ՖՈՏՈՇԱՐՔ