10 հոկտեմբերի 2011 - 14:49 AMT
Sony -ն պատրաստվում է ֆիլմ նկարահանել Սթիվ Ջոբսի մասին

Sony Pictures ընկերությունը 1 միլիոն դոլարով գնել է Սթիվ Ջոբսի մասին ֆիլմ նկարահանելու իրավունքը։ Ֆիլմը նկարահանվելու է CNN-ի նախկին ներկայացուցչի և Time ամսագրի գլխավոր խմբագրի՝ Ուոլթեր Իսաակսոնի գրած՝ Սթիվ Ջոբսի կենսագրության մասին գրքի հիման վրա, հայտնում է Metro-ն։

Apple-ի համահիմնադիր և նախկին գլխավոր տնօրեն Սթիվ Ջոբսը մահացավ անցյալ շաբաթ. նա երկար տարիներ տառապում էր քաղցկեղով։ Ուոլթեր Իսաակսոնի գիրքը նախատեսվում էր թողարկել նոյեմբերի 21-ին, սակայն Ջոբսի մահը հաշվի առնելով՝ գիրքը թողարկվելու է հոկտեմբերի 24-ին։

Սթիվ Ջոբսի կենսագրությունը կազմվել է նրա հետ արված 40 հարցազրույցների և նրա ընկերների, ընտանիքի և գործընկերների հետ ավելի քան 100 հարցազրույցների հիման վրա։