«20 տարվա ընթացքում, մինչ շարունակվում է ղարաբաղյան հակամարտությունը, բռնի տեղահանվածները տուժում են դրա չլուծված լինելու պատճառով: Հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով, փոխզիջումների հիման վրա: Փախստականներն ու բռնի տեղահանվածները ցանկանում են, որպեսզի հակամարտությունը դադարի ոչ թե ապագայում, այլ հենց հիմա»,- ասել է ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովի նախկին նախագահ և Հարավային Կովկասի հարցերով կառույցի նախկին հատուկ ներկայացուցիչ Գորան Լենմարկերը: Նա հայտնել է, որ որևէ լուծման հանգելու համար երկու կողմերն էլ պետք է քաղաքական կամք և պատրաստակամություն ունենան. «Պետք է փոխզիջում գտնել»:
Լենմարկերն ասել է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը պետք է թողնել հետագայում լուծելու ակնկալիքով. «Այս առնչությամբ ունենք Եվրոպայի փորձը: Սկզբում որոշվում է որևէ վիճելի տարածքի ժամանակավոր կարգավիճակը, որից հետո կարելի է հեշտությամբ սահմանել կարգավիճակը: Այս հակամարտությունը մի քանի փուլից բաղկացած լուծում ունի: Մենք միշտ ասում ենք, որ մի քանի հարց անհնար է միաժամանակ լուծել: Ուստի կարգավիճակի հարցը հարկավոր է ժամանակավորապես մի կողմ դնել: Հակամարտության լուծման համար պետք է ինչպես երկու հասարակությունների, այնպես էլ քաղաքական գործիչների քաղաքական կամքը»:
Գորան Լենմարկերը հայտնել է նաև, որ 2008 թվականին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը թուրք-հայկական սահմանին առկա իրադրության քննարկման ժամանակ պատրաստ էր լուծել խնդիրը. «Սակայն հայկական Սփյուռքը խանգարեց դրան: Եթե այն ժամանակ Թուրքիայի և Հայաստանի սահմանը բացվեր, դա դրական կերպով կազդեր Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի լուծման վրա»,- նշել է նա: