11 հոկտեմբերի 2011 - 09:22 AMT
Նկարիչ Արման Համբարձումյանը կմասակցի Մոլդովայի բիենալեին

Նկարիչ Արման Համբարձումյանը մասնակցելու է Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևի միջազգային նկարչական բիենալեին: PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում Համբարձումյանն ասաց, որ Բիենալեին ներկայացնելու է «Մեղուների անկում» կտավը: Բիենալեից առաջ կայացել է մրցույթ, որտեղ Համբարձումյանը գրավել էր 3-րդ տեղը և հրավիրվել Մոլդովա: Հայ նկարչի աշխատանքը` որպես հաղթած նկար, մնալու է Մոլդովայի պատկերասրահներից մեկում:

«Մեղուների անկում» թեման պատահական չէ ընտրված նկարչի կողմից: Վերջին տարիներին ամբողջ աշխարհում նկատվում է մեղուների քանակի նվազում, որն ունի տարբեր պատճառներ: Բուլղարացի հայտնի գուշակ Վանգան կանխագուշակել է, որ մեղուները ընդհանրապես վերանալու են երկրի երեսից: Կտավն ունի 90x60 չափսը: Բիենալեն սկսվելու է նոյեմբերի 8-ին և շարունակվելու մինչև ամսվա վերջ:

Արման Համբարձումյանը ծնվել է 1988թ-ին Երևանում: 2000-2005թ-ին սովորել է Հենրիկ Իգիթյանի Գեղագիտության ազգային կենտրոնում, այնուհետև Երևանի պետական մանկավարժական համալսարանի կերպարվեստի բաժնում: Մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսների: Բացի նկարչությունից, կերտում է նաև քանդակներ: 2010թ. Եղիշե Չարենցի տուն-թանգարանում ունեցել է իր առաջին անհատական ցուցահանդեսը, որտեղ ներկայացվել են նրա 12 գրաֆիկական աշխատանքներ և 8 քանդակներ:

Նրա աշխատանքներին կարելի է հանդիպել Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Գերմանիայի և Ֆրանսիայի մասնավոր հավաքածուներում: