11 հոկտեմբերի 2011 - 09:23 AMT
Orange-ը iPhone 4S-ը պաշտոնապես կներկայացնի Հայաստանում

Հոկտեմբերի 14-ին ԱՄՆ-ում և մի քանի եվրոպական երկրներում կմեկնարկի նոր iPhone 4S -ի վաճառքը, ևս 22 երկրներում այն հասանելի կլինի հոկտեմբերի 28-ից։Հայաստանում iPhone-ի պաշտոնական ներկայացուցիչը Orange Արմենիա ընկերությունն է։ Orange-ի սպասարկման խանութներում վաճառվում են հեռախոսի նախկին տարբերակները։ Թե՞ երբ Հայաստանը պաշտոնապես կստանա iPhone 4S, Orange-ի հանրային կապերի պատասխանատու Լիլիթ Մարտիրոսյանը տեղեկացրեց PanARMENIAN.Net-ի թղթակցին։ «Orange-ը iPhone-ի նոր տարբերակը այս անգամ էլ կստանա որպես պաշտոնական ներկայացուցիչ։ Սակայն, առայժմ ժամկետ չեմ կարող նշել և ոչ էլ քանակություն»,-ասաց նա։ Նա ավելացրեց, որ չի կարող առայժմ ասել նաև, թե արդյոք iPhone 4S –ը ստանալուն պես նախկին մոդելների գները կնվազեն, թե ոչ։

Apple ընկերությունը ներկայացրեց աշխարհին iPhone-ի նոր տարբերակը հոկտեմբերի 4-ին։ Phone 4S-ի պատյանը նույնն է, ինչ iPhone 4-ինը։ iPhone 4S-ը աշխատելու է A5 պրոցեսորով, որը նախագծվել էր iPad 2-ի համար։ Թարմացված iPhone-ի տեսախցիկը 8 մեգապիքսել է, որը թույլ է տալիս նկարել բաձր որոշմամբ (Full HD)։ iPhone 4S-ը կթողարկվի 16Գբ, 32Գբ և 64Գբ տարբերակներով: Այն աշխատում է iOS-ի նոր թարմացմամբ՝ iOS5 համակարգով։

Apple-ի ակցիաների արժեքը Phone 4S-ի շնորհանդեսի ժամանակ ընկան 3,5%-ով, քանի որ ներդրողները սպասում էին, որ Apple-ը կներկայացնի նոր iPhone 5-ը, ոչ թե iPhone 4-ի նոր տարբերակը։