ՌԴ Պետդումայի պատգամավորներն առաջարկել են ԵՄ-ին չեղյալ հայտարարել վիզաները ռուսաստանցիների համար, որոնք Շենգենի գոտի են մեկնում կանոնավոր չվերթերով: Այդ մասին հոկտեմբերի 11-ին գրում է «Կոմերսանտ» թերթը: Եթե առաջարկը ստանա Եվրախորհրդարանի հավանությունը, ռուսաստանցիները կկարողանան Եվրոպա հասնել արտասահմանյան անձնագրի ու հետադարձ տոմսի առկայության դեպքում: Նախագծի հեղինակներից մեկը, Պավել Տարականովը հայտարարել է, թե եվրոպացիները շատ են մտահոգվում, որ «օտարերկրացիները զենք կամ թմրանյութ չտեղափոխեն»: Սակայն, ըստ նրա խիստ ստուգումները ռուսական օդանավակայաններում պետք է համոզեն Եվրամիությանը, որ դա ոչ մի սպառնալիք չի կրում իր մեջ:
Շենգենյան վիզաները չեղյալ հայտարարելու մասին համաձայնագրի նախագիծը մշակվել է ՌԴ Երիտասարդական հանրային պալատի մասնակցությամբ:
Եվրապատգամավոր Պետր Լուխանը «Կոմերսանտին» հայտարարել է, որ Եվրախորհրդարանում «մտածում են» ՌԴ նախաձեռնության շուրջ: «Այժմ ձեր պատգամավորները պետք է համոզեն մերնոց, որ դա իրոք արժեքավոր գաղափար է»,-հավելել է նա: Իսկ Դան Յորգենսենը պարզաբանել է, որ վիզաները չեղյալ հայտարարելու գործընթացը կարող է ձգձգվել, քանի որ, «ի տարբերություն Ռուսաստանի, որտեղ որոշումներն միաձայն են ընդունվում, ԵՄ-ում հարկավոր է լսել նաև այլոց կարծիքը»:
2011թ. հունիսին ռուսական կողմը հասավ նրան, որ Ռուսաստան-ԵՄ գագաթաժողովի բանաձևի նախաբանում ասվում է, որ վիզաները չեղյալ կհամարվեն 1989թ. հետո ծնված անձանց համար: Սակայն, հարցի քննարկումը հետաձգվեց անորոշ ժամանակով: