11 հոկտեմբերի 2011 - 13:38 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Հայաստանը օգնություւն չի խնդրել ՀԱՊԿ երկրներից Տավուշում սողանքի հետևանքները վերացնելու համար

Հայ փրկարարները կարողացել են լիովին իրագործել իրենց առաքելությունը Տավուշի մարզում սողանքի հետևանքները վերացնելու հարցում: Այդ մասին ՀԱՊԿ արտակարգ իրավիճակների համակարգող խորհրդի 4-րդ նիստի ընթացքում հայտարարել է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը: Նրա խոսքով, աղետի գոտում ամեն օր աշխատում են շուրջ 200 փրկարարներ:

Մեկնաբանելով այն, թե ինչպես են արձագանքել ՀԱՊԿ անդամ երկրները Տավուշի մարզում տեղի ունեցած բնական աղետին, Երիցյանն ասել է, որ Հայաստանն օգնություն չի խնդրել այդ երկրներից, քանի որ «մեր ուժերը բավական էին այդ հարցն ինքնուրույն լուծելու համար»:

Հոկտեմբերի 2-ին ժամը 19.03-ին M6 միջպետական մայրուղու 83-րդ կիլոմետրում Վանաձոր-Բագրատաշեն հատվածում` Այրում երկաթուղային կայարանի կամրջի մոտ (Լճկաձոր գյուղի հատվածում) տեղի է ունեցել սողանք: Փլուզված հատվածի (ճանապարհի եզրով) երկարությունը մոտ 300 մետր է, որից առավել վտանգավոր է 130 մետրը, իսկ ճանապարհին սահած հողազանգվածի միջին բարձրությունը 10-15 մետր է: Հավանական անհայտ կորած մարդկանց ցուցակում այժմ արդեն նշվում են միայն Արթուր Գուրգենի Հակոբյանը (1992 թ. ծնված, Վրաստանի քաղաքացի) և Գուրգեն Մովսեսի Հակոբյանը (1949 թ. ծնված, Վրաստանի քաղաքացի):

ՖՈՏՈՇԱՐՔ