Ինչպես հաղորդում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը, Բաքու` աշխարհի առաջնություն մեկնելուց առաջ ՀՀ բռնցքամարտի ազգային հավաքականի ղեկավարությունը պարտավորվեց առնվազն օլիմպիական երեք ուղեգիր նվաճել: Բայց մեր տղաներից ընդամենը մեկին` Անդրանիկ Հակոբյանին հաջողվեց արժանանալ նման պատվի: Այս և կազմակերպական այլ հարցերի մասին քննարկում տեղի ունեցավ ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի գործկոմի`հոկտեմբերի 10-ին կայացած նիստում:
Որոշվեց` ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից ազատել Ռաֆիկ Մեհրաբյանին և նրա փոխարեն գլխավոր մարզիչ նշանակել վաստակավոր մարզիչ Կարեն Աղամալյանին, իսկ երկրորդ մարզիչ` Ֆեդյա Ալեքսանյանին:
Երիտասարդական հավաքականի ավագ մարզչի գործը կշարունակի Դերենիկ Ոսկանյանը: Ավագ տարիքի պատանեկան թիմը կղեկավարի Արման Հարությունյանը, իսկ պատանեկանը`Արշավիր Գրիգորյանը: