11 հոկտեմբերի 2011 - 16:47 AMT
Ներսես Երիցյան. Առաջիկայում կհատկացվեն շուրջ 7,5 մլրդ դրամի արտոնյալ գյուղատնտեսական վարկեր

Արտոնյալ վարկերի հատկացման երկրորդ փուլն արդեն սկսվել է և այսօրվա դրությամբ առևտրային բանկերի կողմից արդեն հատկացվել է ընդհանուր առմամբ 2,5 մլրդ դրամի վարկ: Այդ մասին PanARMENIAN.Net –ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ՀՀ ԿԲ փոխնախագահ Ներսես Երիցյանը: Այդ առնչությամբ նա հավելել է, որ առաջիկա ամիսներին նախատեսվում է շուրջ 7,5 մլրդ դրամի արտոնյալ գյուղատնտեսական վարկեր հատկացնել: Ինչ վերաբերում է պայմաններին, ապա, դրանք նույնն են, ինչ վարկավորման առաջին փուլում:

Իր հերթին «Ակբա Կրեդիտ Ագրիկոլ» բանկի գլխավոր գործադիր տնօրեն Ստեփան Գիշյանը հայտնեց, որ 2011թ. 10 ամիսների արդյունքում բանկը հատկացրել է 33,7 մլրդ դրամի վարկ, ինչն ապահովել է վարկային պորտֆելի աճը գյուղատնտեսության ոլորտում 30 տոկոսով: Ինչ վերաբերում է վարկերի մատչելիությանը, ապա այստեղ բանկի նախագահը խնդիր չի տեսնում: «Այսօրվա դրությամբ գյուղատնտեսական վարկերը մատչելի են, ռեսուրսներ կան, մենք պատրաստ ենք ակտիվ վարկավորման»,-ասել է նա:

Հատկացվող արտոնյալ գյուղատնտեսական վարկերի առավելագույն չափը 3 մլն դրամ է, տոկոսադրույքը՝ տարեկան 14 տոկոս (4-6 տոկոսը կկազմեն պետական սուբսիդիաները) 6-ամսյա արտոնյալ ժամկետով, 2 տարի մարման ժամկետով: