11 հոկտեմբերի 2011 - 17:35 AMT
Միխայիլ Չիգորինի հուշամրցաշարում Հայաստանը կներկայացնեն Զավեն Անդրիասյանը և Հովիկ Հայրապետյանը

Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը և միջազգային վարպետ Հովիկ Հայրապետյանը կմասնակցեն հոկտեմբերի 12-22-ը Սանկտ Պետերբուրգում անցկացվելիք Միխայիլ Չիգորինի հուշամրցաշարին: Շախմատի այս մրցաշարում ելույթ կունենան մոտ 200 շախմատիստներ, որոնցից ավելի քան 50-ը գրոսմայստերներ են:

Իսկ Երևանում անցկացվեց արագ շախմատի մրցաշար` նվիրված հռչակավոր գրոսմայստեր Ռաֆայել Վահանյանի 60-ամյակին: Պայքարին մասնակցում էին 60 վետերան շախմատիստներ: Յոթ հնարավորից վաստակելով 6 միավոր` առաջին մրցանակը նվաճեց Հայաստանի բազմակի չեմպիոն, միջազգային վարպետ Էդուարդ Մնացականյանը: Պարգևները մրցանակակիրներին հանձնեց ինքը` Ռաֆայել Վահանյանը, հաղորդում է armchess.am-ը: