12 հոկտեմբերի 2011 - 00:53 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Հայաստանը երրորդ տեղում ավարտեց իր մասնակցությունը Եվրոպայի առաջնության նախընտրական փուլում

Եվրոպայի 2012 թվականի ֆուտբոլի առաջնության նախընտրական փուլի Իռլանդիայի հավաքականի հետ վճռորոշ հանդիպման երկրորդ խաղակես Հայաստանի հավաքկանը դուրս եկավ տասը հոգով՝ զիջելով մրցակցին 1:0: Վարդան Մինասյանի սաների համար առաջին խաղակեսը բավական դրամատիկ էր անցել. հեռացվել էր Ռոման Բերեզովսկին, իսկ Վալերի Ալեքսանյանը գրավել էր սեփական թիմի դարպասը:

Իռալնդիան, իրեն ավելի վստահ զգալով, սկսեց համարձակ խաղալ և գրոհել: Հայ ֆուտբոլիստների գործողություններում առաջին րոպեներին զգացվում էր լարվածություն և անկազմակերպվածություն:

Իռալնդացիները կրկնապատկեցին հաշիվը 59-րդ րոպեին, գոլի հեղինակ դարձավ Ռիչարդ Դինը: 3 րոպե անց Հենրիխ Մխիթարյանը Հայաստանին հույս ներշնչեց՝ Յուրա Մովսիսյանի փոխանցումից հետո գնդակը ուղարկելով Շեյ Գիվենի դարպասը: Վարդան Մինասյանը Գևորգ Ղազարյանի փոխարեն դաշտ դուրս բերեց Արթուր Սարկիսովին, ով վերջին խաղերին գոլերի հեղինակ էր դարձել: Հայաստանի հավաքականի ղեկավարը, գիտակցելով, որ կորցնելու բան չկա, հիմնական շեշտը դրեց հարձակման վրա: Մանուչարյան-Մովսիսյան-Սարկիսով-Մխիթարյան քառյակը կարողացավ մի քանի լավ գրոհ կազմակերպել:

Մնացած ժամանակում Իռալնդիան միայն պաշտպանվում էր կամ ժամանակ էր ձգում: 81-րդ րոպեին 10 հոգով մնացին նաև իռլանդացիք. երկրորդ դեղին քարտը ստացավ Քևին Դոյլը և հեռացվեց: Սակայն անգամ այդ պարագայում Հայաստանի հավաքականի ջանքերը գոլով չավարտվեցին: Իռլանդիան հաղթանակ տոնեց 2:1 հաշվով:

Սակայն մենք պետք է արժանին տանք հայ ֆուտբոլիստներին, ովքեր ոչ մի վայրկյան կասկածի տեղիք չէին թողնում իրենց հաղթանակելու ցանկության վրա, իսկ իռլանդացիները, չնայած քանակային առավելությանը, այդքան էլ համոզիչ չէին: Իռլանդիայի հավաքկանը 21 միավորով երկրորդ տեղը գրավեց B խմբում, Ռուսաստանը, որ 6:0 հաշվով ջախջախիչ հաղթանակ տարավ Անդորայի նկատմամբ, 23 միավորով գրավեց առաջին տեղը: Հայաստանը 17 միավորով ավարտեց իր ելույթը երրորդ տեղում, առաջին անգամ հավաքականի պատմության մեջ զբաղեցնելով նման բարձր տեղ:

ՖՈՏՈՇԱՐՔ