12 հոկտեմբերի 2011 - 13:36 AMT
Ֆելիքս Խաչատրյան. ՀԱԿ-ը հուսով է, որ իշխանությունները կլսեն ժողովրդի ձայնը ու կհեռանան

Իր շուրջօրյա հանրահավաքներով Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) ցույց տվեց իր ուժը, ինչպես նաև հասկացավ, որ դեռ շատ անելիք ունի հասնելու համար նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականին: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀԱԿ ներկայացուցիչ, ՀԺԿ վարչության քարտուղար Ֆելիքս Խաչատրյանը: «Սպասենք, որ իշխանություններն ի վերջո կհասկանան ժողովրդի ու պետության վիճակն ու վճռական քայլերի կդիմեն»,-հավելել է նա:

Խաչատրյանը նշել է նաև, որ ՀԱԿ-ը «արկածախնդրության չի դիմի» ու կպայքարի նպատակին հասնելու համար համաժողովրդական ճնշման միջոցով: Նա նաև հավելեց, որ իրենց համար առաջնայինը նախագահ Սարգսյանի հրաժարականն է ու արտահերթ նախագահական ընտրությունների անցկացումը:

Սեպտեմբերի 30-ին ՀԱԿ-ի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը ցուցարարներին առաջարկել է շուրջօրյա հանրահավաքներ սկսել և դրական պատասխան է ստացել: Որոշվել է, որ հանրահավաքները նախնական կտևեն 7 օր, որից հետո կորոշվի` շարունակել, թե դադարեցնել դրանք: Ակցիան ավարտվեց հոկտեմբերի 8-ին 18 կետից բաղկացած բանաձևի ընդունմամբ՝ նշելով որ ՀԱԿ-ի գլխավոր կարգախոսն այսուհետ կլինի նախագահ Սարգսյանի հրաժարականը:

ՀԱԿ հաջորդ հանրահավաքը տեղի կունենա հոկտեմբերի 28-ին: