12 հոկտեմբերի 2011 - 13:49 AMT
Ռաֆիկ Պետրոսյանը կոչ է անում ՀԱԿ-ին պատրաստվել հերթական ընտրություններին

ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ Ռաֆիկ Պետրոսյանը կոչ է արել ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսին (ՀԱԿ) մտածել իշխանությունների հետ երկխոսությունը շարունակելու մասին ու պատրաստվել հերթական ընտրություններին: «Աշխարհում կա օրինական իշխանափոխության միայն մեկ միջոց՝ ընտրություններ»,-հայտարարել է Պետրոսյանը Երևանում կայացած մամլո ասուլիսում: Նա հավելել է, որ երկխոսությունը շարունակելու այլընտրանք չկա:

Պետրոսյանը նաև նշել է, որ ՀԱԿ-ը զուր է սպասում իշխանությունների պաշտոնանկությանը կամ արտահերթ ընտրությունների, քանի որ դրա համար ոչ մի նախադրյալ չկա:

Սեպտեմբերի 30-ին ՀԱԿ-ի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը ցուցարարներին առաջարկել է շուրջօրյա հանրահավաքներ սկսել և դրական պատասխան է ստացել: Որոշվել է, որ հանրահավաքները նախնական կտևեն 7 օր, որից հետո կորոշվի` շարունակել, թե դադարեցնել դրանք: Ակցիան ավարտվեց հոկտեմբերի 8-ին 18 կետից բաղկացած բանաձևի ընդունմամբ՝ նշելով որ ՀԱԿ-ի գլխավոր կարգախոսն այսուհետ կլինի նախագահ Սարգսյանի հրաժարականը:

ՀԱԿ հաջորդ հանրահավաքը տեղի կունենա հոկտեմբերի 28-ին: