Իսպանացի մրցավար Իտուրալդե Գոնսալեսի «թեթև ձեռքով» Հայաստանի հավաքականը չկարողացավ հաղթահարել Եվրոպայի 2012 առաջնության ընտրական փուլի խմբային արգելքը: Այն բանից հետո, երբ նա Հայաստանի հավաքականը թողեց 10 հոգով արդեն խաղի 26-րդ րոպեին, ոչ ոք, հավանաբար, արդեն չէր կասկածում, որ հաղթանակն Իռլանդիայի գրպանում է:
Սակայն, դաշտում մենք տեսանք Հայաստանի նոր հավաքականին, որն այդպիսին չէր նույնիսկ Սլովակիայի ու Մակեդոնիայի հետ խաղերում: Ամեն ինչ այլ էր՝ հայ ֆուտբոլիստները ցուցադրեցին հասուն և բարձրորակ ֆուտբոլ, նրանք հոգեաբնորեն «չկոտրվեցին», հակառակը, ստիպեցին մրցակցին հայտնվել ծանր կացության մեջ: Անշուշտ, Իռլանդիայի հավաքականը կարող է հպարտանալ, որ գրավեց երկրորդ տեղը խմբում, սակայն, նույնիսկ անզեն աչքով երևում էր, թե ինչ ֆուտբոլ էին նրանք խաղում՝ անհետաքրքիր ու ձանձրալի:
«Ավիվա» մարզադաշտում ուղղակի խաղ չէր «կարմիրների» և «կանաչների» միջև, խաղում էին թիմեր, որոնց ընդամենը մեկ քայլ էր բաժանում Եվրո-2012-ից: Ափսոս, որ այդ քայլն անել հայկական հավաքականին չհաջողվեց: Սակայն, Եվրոպայի առաջնության ընտրական փուլը մեզ ավելին տվեց, քան եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճելու հնարավորութուն՝ մենք արդեն ունենք համարձակ ու հաղթանակի ձգտող թիմ և իսկական պրոֆեսիոնալ մարզիչ:
Ճիշտ նկատեց Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանն, ասելով, որ Հայաստանը «զբաղեցրեց իր տեղն աշխարհի ֆուտբոլային քարտեզում», որտեղ նա դեռ կարձանագրի իր հաղթանակները: