Իրանը պատասխան է տալու ԱՄՆ-ում Սաուդյան Արաբիայի դեսպանի դեմ մահափորձի նախապատրաստման համար: Ինչպես հայտնում է «Ռոյթերսը», այդ մասին այսօր հայտարարել է սաուդյան արքայազն Տուրկի ալ Ֆայսալը: Ըստ նրա, բավարար քանակի ապացույցներ կան առ այն, որ Իրանի պաշտոնական կառույցները մեղսակից են սաուդյան դիվանագետի դեմ մահափորձի նախապատրաստմանը:
Ինչպես հայտնում է «Վեստի, ռու»-ն, Սաուդյան Արաբիան և մի շարք այլ երկրներ քննարկում են ՄԱԿ ԱԽ դիմելու հնարավորությունը: Բացի այդ, ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան հայտարարել են, որ Իրանի մասնակցությունը դավադրությանը անհետևանք չի մնա և մտադիր է լրացուցիչ պատժամիջոցներ կիրառել: Ըստ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի, սպառնալիքը Արևմուտքին Թեհրանի կողմից ավելի ակնհայտ դարձավ:
Իրանը ժխտում է մեղադրանքները: Ավելին, ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցիչ Մոհամմադ Հազաին բողոք է գրել Պան Գի Մունին, որտեղ ասվում է, որ իր երկիրը խստորեն դատապարտում է «այդ ամոթալի հայտարարությունը» և մեղադրանքները համարել է քաղաքականապես պատճառաբանված:
ԱՄՆ իշխանությունները հոկտեմբերի 11-ին հայտարարեցին իրանական դավադրություն բացահայտելու մասին, որի համաձայն նախատեսվում էր ԱՄՆ-ում Սաուդյան Արաբիայի դեսպանի սպանությունն ու ռումբի պայթեցում սաուդյան ու իսրայելյան դեսպանատների մոտ: