Օրերս Վրաստանի Թելավի քաղաքում տեղի ունեցավ Հարավային Կովկասի կանաչների` Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանը ներկայացնող մի շարք հասարակական և քաղաքական կազմակերպությունների ներկայացուցիչների համաժողովը: Ինչպես հաղորդում է Քաղաքացիական ազգային նախաձեռնության մամլո ծառայությունը, համաժողովի ընթացքում քննարկվեցին տարածաշրջանում կանաչների համախմբման և համատեղ գործունեություն ծավալելու հեռանկարները: Ընդունվեց Հարավային Կովկասի կանաչների սկզբունքները ներառող հայտարարություն, որը բաց է տարածաշրջանի բոլոր հասարակական և քաղաքական կազմակերպությունների միացման համար: Օրերս հայտարարությանը միացավ նաև Արցախի եվրոպական շարժումը:
Հոկտեմբերի 11-ին Քաղաքացիական ազգային նախաձեռնության երևանյան դահլիճում տեղի ունեցավ Հարավային Կովկասի կանաչների սկզբունքները կիսող, Թելավիի համաժողովին մասնակցած մի շարք հասարակական կազմակերպությունների` «Էկոլուր», «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեա», «Քաղաքացիական ազգային նախաձեռնություն», ինչպես նաև «Ժառանգություն» կուսակցության և Հայ ազգային կոնգրեսի էկոլոգիական հարցերով զբաղվող ներկայացուցիչների առաջին աշխատանքային հանդիպումը, որի ընթացքում քննարկվեցին առաջիկայում ծավալվելիք գործունեության հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները: Հավաքի ընթացքում որոշվեց Հայաստանի կանաչների համախմբման ձևաչափն անվանել Հարավային Կովկասի կանաչ նախաձեռնություն – Հայաստան, իսկ որպես առավել հրատապ քայլ որոշվեց համատեղ միջոցառումներ նախաձեռնել` ընդդեմ Սևանա լճի ավազանում` Սոթքի ոսկու հանքավայրին կից ջարդիչ-տեսակավորող համալիրի ապօրինի տեղակայման: