12 հոկտեմբերի 2011 - 21:25 AMT
Հայ փորձագետները ԱՄՆ-ում կմասնակցեն ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ սիմպոզիումին

Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցը կքննարկվի հոկտեմբերի 15-ին Վաշինգտոնում կայանալիք սիմպոզիումում: Ջորջ Մեյսոնի համալսարանում կայանալիք միջոցառմանը կմասնակցեն պաշտոնական անձինք Ադրբեջանից և Հայաստանից: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնի է դարձել հավաստի աղբյուրներից, հայկական կողմից միջոցառմանը կմասնակցեն ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչ Տիգրան Մկրտչյանը, Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Թևան Պողոսյանը:

Ադրբեջանական կողմից կմասնակցեն Ադրբեջանի ԱԳՆ մամլո քարտուղար Էլման Աբդուլլաևը, Ադրբեջանի նախագահին առընթեր Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավարի պաշտոնակատար Գյուլշան Պաշաևան և Ադրբեջանական դիվանագիտական ակադեմիայի ներկայացուցիչ Տալեխ Զիյադովը:

Քննարկումները կվարի Կարնեգիի Հանուն խաղաղության Միջազգային հիմնադրամի վերլուծաբան Թոմաս դե Վաալը: