Հոկտեմբերի 12-ին Կոմիտասի անվ. Կամերային երաժշտության տանը Միկրոէլեկտրոնիկայի հայաստանյան ամենամյա 6-րդ օլիմպիադայի 13 անվանակարգերում հաղթողներին շնորհվեցին մրցանակներ, հայտնում են Սինոփսիս Արմենիայի մամլո ծառայությունից։
Հաղթողներից են Հասմիկ Օսիպյանը (Հայաստան)` 1-ին մրցանակ։ Նրան շնորհվեց նոութբուք Վիվասել-ՄՏՍ-ի կողմից, Մոհամեդ Աբու Օբայդա Մոհամեդին Սաուդյան Արաբիայից 2-րդ մրցանակի համար` Սինոփսիս Արմենիայի կողմից iPad, Վաչե Գալստյանին 3-րդ մրցանակի համար` նեթբուք ՁԻՀ-ի կողմից, Ռոզա Բեջանյանին - 3-րդ մրցանակի համար` նեթբուք Յունիքոմփի կողմից։
Օլիմպիադան նպատակ ունի խթանել միկրոէլեկտրոնիկայի զարգացումը Հայաստանում, հայտնաբերել երիտասարդ կադրերի, խրախուսել միկրոէլեկտրոնիկայի հանդեպ հետաքրքրությունը, պարզաբանել երիտասարդ մասնագետների գիտելիքների մակարդակը և ստեղծել միկրոէլեկտրոնիկայի երիտասարդ մասնագետների համայնք:
Միկրոէլեկտրոնիկայի հայաստանյան ամենամյա միջազգային 6-րդ օլիմպիադայում մրցակցում էին 349 մասնակիցներ Բելառուսից, Չինաստանից,Գերմանիայից, Հնդկաստանից, Սաուդյան Արաբիայից, Սերբիայից, Ուկրաինայից և այլ երկրներից։ Մասնակիցներից 133-ը հայաստանյան համալսարանների և ՏՏ ընկերությունների ներկայացուչներ էին։
Օլիմպիադան ընդգրկում էր հետևյալ թեմաները` թվային ինտեգրալ սխեմաների նախագծում և թեստավորում, անալոգային և խառը ազդանշանային ինտեգրալ սխեմաների նախագծում և թեստավորում, կիսահաղորդչային սարքեր և տեխնոլոգիա, ինտեգրալ սխեմաների ավտոմատացված նախագծման մաթեմատիկական և ալգորիթմական ապահովում:
Օլիմպիադան իրականացվեց 2 փուլով: Օլիմպիադայի գլխավոր կազմակերպիչներն ու հովանավորներն են Սինոփսիս Արմենիան և Վիվասել-ՄՏՍ-ը: Օլիմպիադան հովանավորում էր նաև Յունիքոմփը, Ձեռնարկությունների Ինկուբատոր հիմնադրամը, ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկը և մի շարք այլ ընկերություններ։