13 հոկտեմբերի 2011 - 13:20 AMT
ՀՖՖ-ն բողոքարկել է Իռլանդիա-Հայաստան խաղի մրցավար Իտուրալդե Գոնսալեսի որոշումը

Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը Facebook-ի իր էջում շնորհակալություն է հայտնել Հայաստանի հավաքականի բոլոր երկրպագուներին, որոնք նույնիսկ պարտությունից հետո աջակցել են հավաքականին:

«Ես իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում հայ ֆուտբոլասերներին, ես հպարտանում եմ ձեզանով: Իրականում մենք ունենք իրոք ուժեղ, պայքարող, իրենց գործին նվիրված ֆուտոբլիստներ: Նրանք արժանի էին հաղթանակի, բայց ֆուտբոլն ունի իր դաժան օրենքները: Պետք չէ հուսահատվել, պետք է ուղղակի աջակցել մեր թիմին և մեր հրաշալի տղաներին»,- գրել է Հայրապետյանը:

ՀՖՖ նախագահի խոսքով, ֆեդերացիան բողոքարկել է Իռլանդիա-Հայաստան հանդիպման մրցավար Իտուրալդո Գոնսալեսի որոշումը. «Բայց ինձ քիչ է հետաքրքրում այդ տգետին պատժելը: Ինձ ավելի շատ հետաքրքրում է դարպասապահ Ռոման Բերեզովսկու կարմիր քարտը հայտարարելու հարցը»:

Հայրապետյանը նաև նշել է, որ չի հավատում UEFA կողմից նման պատվերի հնարավորությանը, քանի որ Միշել Պլատինին այն մարդը չէ, ով կարող է իրեն նման բան թույլ տալ: