13 հոկտեմբերի 2011 - 20:41 AMT
Հայաստանը մտադիր է խորացնել համագործակցությունն ԻՆՏԵՐՊՈԼ-ի հետ

Հոկտեմբերի 13-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Ռոնալդ Քենեթ Նոբլին: Ինչպես հաղորդում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը, Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանում բարձր են գնահատում Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպության գլոբալ առաքելությունը: «Մենք առանցքային ենք համարում Կազմակերպության դերը հանցավորության դեմ պայքարում, ուստի ցանկություն ունենք էլ ավելի խորացնելու մեր հարաբերությունները ԻՆՏԵՐՊՈԼ-ի հետ»,- ասել է նախագահը: Հանրապետության ղեկավարի խոսքով, Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպության հետ համատեղ աշխատանքը Հայաստանում դիտարկվում է նաև որպես մեր մասնագետների պրոֆեսիոնալիզմի բարձրացման հնարավորություն: Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Ռոնալդ Քենեթ Նոբլի անձնական ներդրումը ԻՆՏԵՐՊՈԼ-ի արդիականացման գործում: Նախագահը շնորհակալություն է հայտնել ԻՆՏԵՐՊՈԼ-ի գլխավոր քարտուղարությանը` Ազգային կենտրոնական բյուրոյին մշտական աջակցության համար և ընդգծել, որ հանցավորության դեմ պայքարի գործում համագործակցությունն ուղղակի անհրաժեշտություն է:

ԻՆՏԵՐՊՈԼ-ի գլխավոր քարտուղարն իր հերթին ընդգծել է, որ Հայաստանը և ԻՆՏԵՐՊՈԼ-ի հետ նրա կապող օղակ հանդիսացող Ազգային կենտրոնական բյուրոն մեծ հեղինակություն ունեն Կազմակերպությունում: