13 հոկտեմբերի 2011 - 21:28 AMT
Արազ Ազիմովը չի բացառում Ուկրաինայի հնարավոր ներգրավումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ

Ադրբեջանի արտգործնախարարի տեղակալ Արազ Ազիմովը չի բացառում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մեջ Ուկրաինայի ներգրավման հնարավորությունը: «Ուկրաինան ԵԱՀԿ անդամ է, ինչպես և Ադրբեջանը, ուստի բոլոր տեսակետներից, ելնելով գործընկերության, համագործակցության շահերից, Ուկրաինան բոլոր հիմքերն ունի այդ հիմնախնդրի շուտափույթ կարգավորմամբ շահագրգռված լինելու համար»,- ասել է նա: Նրա խոսքով` ժամանակին Ուկրաինան Բաքվին երաշխիքներ էր տալիս, որ ինքը պատրաստ է մասնակցել խաղաղապահական գործողությանը ԵԱՀԿ բազմազգ ուժերի կազմում, եթե նման գործողություն իրականացվի: «Բացի դրանից, Ուկրաինան բոլոր հիմքերն ունի այդ հակամարտության լուծմամբ և Եվրոպայում այլ հակամարտությունների կարգավորման ավելի հստակ հեռանկարներով շահագրգռված լինելու համար: Նրա դերը վերջինը չէ նաև առ այն, որ նա մոտ ժամանակներս նախագահելու է ԵԱՀԿ-ում»,- նշել է Ազիմովը: Նա ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում Ուկրաինայի դրական ներդրման հույս է հայտնել: «Նա բոլոր հնարավություններն ունի դրա համար»,- ասել է Ազիմովը: