14 հոկտեմբերի 2011 - 15:50 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Հրանտ Մելիք-Շահնազարյան. Հայաստանը բոլոր հնարավորություններն ունի այլ երկրների կողմից Արցախի ճանաչմանը հասնելու համար

Հայաստանը բոլոր հնարավորություններն ունի այլ երկրների կողմից Արցախի Հանրապետության ճանաչմանը հասնելու համար: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը: Նրա խոսքով, եթե Հայաստանը և Արցախը սկսեն այդ գործընթացը, ապա նրանք ավելի մեծ հաջողությունների կհասնեն, քան Ռուսաստանը Աբխազիայի և Հարավային Օսեթիայի ճանաչման գործընթացում: «ԼՂՀ ճանաչման գործընթացը սկսելու հետ բացառված չէ, որ շուրջ 30 երկրներ կճանաչեն Արցախի Հանրապետությունը, քանի որ շատերը գիտակցում են, որ եկել է ԼՂՀ-ին որոշակի կարգավիճակ տալու ժամանակը»,- ասել է նա և հավելել, որ Հայաստանը կարող է հասնել դրան շատ կարճ ժամանակում: Այդ առումով փորձագետն օրինակ է բերել Ուրուգվայի ԱԳ նախարարի հայտարարությունն այն մասին, որ եկել է Արցախի Հանրապետությունը ճանաչելու ժամանակը: Մելիք-Շահնազարյանը նաև նշել է, որ այդ հայտարարությունից հետո Ադրբեջանը սկսել է կաշառել ուրուգվայցի պաշտոնյաներին :

Սեպտեմբերի 9-ին Ամերիկայի Հայ Դատի Հանձնախմբի (ԱՀԴՀ) և Ուրուգվայ-Հայաստան խորհրդարանական խմբի կողմից նախաձեռնված Հայաստան-Ուրուգվայ հարաբերություններին նվիրված համաժողովի ընթացքում Ուրուգվայի արտգործնախարար Լուիս Ալմագրոն հայտնել է, որ Արցախը Հայաստանի պատմական մասն է և պետք է լինի անկախ կամ կարճ ժամանակում միանա Հայաստանին:

Նախարարն ընդգծել է նաև, որ Ուրուգվայի իշխանություններն ուսումնասիրում են Արցախի հարցը պետականորեն տեսակետ հայտնելու համար։

ՖՈՏՈՇԱՐՔ