14 հոկտեմբերի 2011 - 16:05 AMT
Մեր զորահանդեսից հետո Բաքուն հասկացավ, որ չի կարող լուծել Ղարաբաղի հարցը ռազմական ճանապարհով

Ադրբեջանի մեղադրանքները, թե ՌԴ-ն ու ԵԱՀԿ-ն հայամետ դիրքորոշում ունեն, հավանաբար, կապված են ՀՀ անկախության 20-ամյակին նվիրված սեպտեմբերի 21-ի զորահանդեսի հետ: Այդ մասին Երևանում լրագրողներին է հայտարարել քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը: Ըստ նրա, երևանյան զորահանդեսից հետո Ադրբեջանը հասկացավ, որ չի կարող լուծել ղարաբաղյան հարցը ռազմական ճանապարհով: Մելիք-Շահնազարյանը նշել է, որ, փորձելով արդարացնել իր ռազմատենչ հայտարարությունները, Ադրբեջանը սկսել է Հայաստանին մեղադրել մեծաքանակ զենք ձեռք բերելու մեջ: Հայ փորձագետը նշել է, որ եթե այդ մեղադրանքները տևական լինեն, ապա չի բացառվում, որ Եվրոպան սկսի մտածել, թե Հայաստանը պատերազմի է նախապատրաստվում:

Փորձագետը նշել է նաև, որ իր մեղադրանքներով Բաքվի ղեկավարությունը փորձում է արդարանալ սեփական ժողովրդի առջև, «բացատրել» թե ինչու չի լուծում Ղարաբաղի հարցը ռազմական ճանապարհով:

Սեպտեմբերի 21-ին Երևանում տեղի ունեցավ Հայաստանի անկախության 20-րդ տարեդարձին նվիրված փառահեղ զորահանդես: Հրապարակում հավաքվածները առանձնակի խանդավառությամբ ընդունեցին երկնքում եռագույնը պատկերած Սու-25 կործանիչները և ռազմական տրանսպորտային Մի-24 և Մի-2 ուղղաթիռները: Հատկապես տպավորիչ էր ռազմական տեխնիկան՝ շքերիթին մասնակցեցին Էլբրուս 9Կ72 օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրներ ( ըստ ՆԱՏՕ-ի դասակարգման SS-1c Scud B), «Տոչկա Ու» 9Կ79 համալիրներ, Ս-300 զենիթահրթիռային համակարգեր, C-125 «Պեչորա», «Կրուգ», «Օսա» համալիրներ, «Տիգր» ԳԱԶ-2975 մարտական մեքենաներ, Տ-72 տանկեր, ինչպես նաև զրահամեքենաներ, հրետանային համակարգեր, հակատանկային «Կոնկուրս» և «Շտուրմ-C» հակատանկային հրթիռային համալիրներ: Ինչպես և խոստացել էին կամակերպիչները, առաջին անգամ ցուցադրվեցին հայկական արտադրության «Կռունկ» անօդաչու սարքերը, որոնք իրենց տակտիկատեխնիկական պարամետրերով չեն զիջում արտասահմանյան նմանատիպ սարքերին: